Էջ:Րաֆֆի ԵԺ հ6.djvu/260

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


տիրել Կարթալինիային և ամբողջ Վրաստանի իշխանը դառնալ։ Այստեղից ծագում էին բոլոր երկպառակությունները, որ տակնուվրա էին անում երկիրը։

Վախթանգը նեղվելով իր թշնամիներից, խնդիրքով դիմեց ռուսաց թագավոր Պետրոս մեծին, առաջարկեց իր հպատակությունը և սկսեց նրանից օգնութուն խնդրել։ Այդ բավական փաստ էր Կոնստանդինի համար մատնել նրան պարսից կառավարության առջև, թե նա խաբում է շահին, թե նա անունով միայն մահմեդական է, իսկ սրտով քրիստոնյա է և գաղտնի բանակցություններ ունի ռուսաց թագավորի հետ, կամենում է Վրաստանը դուրս բերել պարսից իշխանությունից և հանձնել ռուսներին։

Վախթանգը այժմ ստիպված էր երկերեսանի դեր խաղալ, մի կողմից պահպանել իր հարաբերությունները ռուսների հետ, մյուս կողմից արդարացնել իրան պարսից կառավարության առջև, թե ինքը պարսից հավատարիմ հպատակ է, թե Կոնստանդինի հաղորդածները բոլորը զրպարտություն են, թե նա դիտավորություն ունի իր երկրին ևս տիրելու, այս պատճառով չարախոսություններ է անում, և այլն։ Ռուսաց կառավարությանը ուղղած թղթերի վրա Վախթանգը ստորագրում էր «թագավոր Վրաստանի», իսկ պարսից կառավարությանը ուղղած թղթերը ստորագրում է «վալի»[1] Պարսկաստանի։

Մինչև Վրաստանը այդ խռովությունների մեջ տակնուվրա էր լինում, Սյունյաց աշխարհում հայոց ապստամբները պատրաստվում էին։ Էջմիածնի Աստվածատուր կաթողիկոսը, որը գաղտնի ուժ էր տալիս ապստամբությանը, աշխատում էր կազմել վրացիներից և հայերից մի ընդհանուր միություն, որ միասին կռվեն պարսիկների դեմ։ Բայց այդ նպատակին հասնելու համար նախ պետք էր, որ Վրաստանի մեջ երկպառակությունները դադարեին, վրացիները միմյանց հետ միանային, որ հետո կարելի լիներ կայացնել նրանց հայերի հետ միությունը։ Այս մտքով հայոց կաթողիկոսը անձամբ Վրաստան գնաց, որ Վախթանգին հաշտեցնե Կախեթիայի իշխան Կոնստանդինի հետ։ Բայց չնայելով կաթողիկոսի եռանդուն աշխատությանը, հաշտությունը չկայացավ։ Մինչև անգամ Կոնստանդինը թշնամացավ կաթողիկոսի հետ և նրա նամակները բռնելով, մատնեց պարսից կառավարությանը, որից կաթողիկոսը հազիվ

  1. «Վալի» կոչվում են որևիցե վիլայեթի կամ նահանգի կառավարիչները։ Իսկ պարսից վալիները ավատական իշխանների նշանակություն ունեին։