Jump to content

Էջ:Րաֆֆի ԵԺ հ6.djvu/296

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

— Չէ մնացել․․․ Քարն ու կիրը երկար ժամանակ չեն պահպանում մարդերի հիշատակը․ նրանք ժամանակների հետ քսվում են, մաշվում են և անհետանում են, իրանց կառուցողների հիշատակն էլ իրանց հետ տանելով։

Այդ խոսքերը սաստիկ դառնությամբ արտասանեց սրբազանը, կարծես, նրա սրտի վրա ծանրացած էր մի անախորժ բեռ, որ կամենում էր թոթափել։

— Այն օրից, Վահան հայր սուրբ, երբ մեր թագավորները, իշխանները ու իշխանուհիները սկսեցին իրանց հարստությունը վատնել եկեղեցիների ու վանքերի թիվը բազմացնելու, — այն օրից մեր զորությունը օրըստօրե թուլացավ, և մենք բոլորովին ընկանք։ Երբ Հիսուս Քրիստոսին ցույց տվեցին Երուսաղեմի տաճարի շքեղությունը, այն տաճարի, որ կուլ էր տվել Իսրայելի մի քանի ամենահարուստ թագավորների գանձերը, — Հիսուս Քրիստոսը ասաց նրանց․ «Կգա մի օր, որ մի քար էլ չի մնա քարի վրա»։ Նրան չէր հետաքրքրում հոյակապ տաճարի փառքը․ նրան ավելի թանկագին էր մի ճշմարիտ հավատացող, որի սիրտը աստուծո համար ամենամաքուր տաճար է։ Երևակայեցեք, միայն Սյունյաց աշխարհում մենք ունենք 43 հոյակապ վանքեր, իսկ երեք հատ օրինավոր բերդեր չունենք։ Այլևս չեմ խոսում եկեղեցիների մասին, որոնք թիվ չունեն։ Այդ վանքերից ամեն մեկը ունի իր ընդարձակ կալվածքները, սեփական գյուղերը, անտառները և այլն։ Բայց ի՞նչ օգուտ են քաղում նրանցից։ Օրինակ, վեր առնենք մեր վանքը․ նա ունի այնքան գյուղեր[1], այնքան լայնատարած հողեր, որոնց վրա մի փոքրիկ իշխանություն կարելի է հիմնել։ Բայց մեր ձեռքը գցելով այդ երկրները, դարձրել ենք բոլորովին ապարդյուն։

— Հողերի հարցը թողնենք, — սրբազանի խոսքը ընդհատեց Վահան հայր սուրբը, — դուք տվեցեք ինձ Շուշան տիկնոջ ընծայված բուրվառը։

Սրբազանը տվեց նրան բուրվառը, որ դեռ իր ձեռքում պահած ուներ։ Վահան հայր սուրբը մուրճի տակ ջարդելով նրան, ասաց․

— Այդ հոյակապ բուրվառը մենք գործ էինք ածում հանդիսավոր օրերում՝ միայն մեր վանքի տաճարը խնկարկելու համար։ Այժմ կհալենք, նրա արծաթով հրացան կգնենք։ Վառոդի ծուխը այժմ ավելի փրկարար է մեզ համար, քան թե խունկի ծուխը։

  1. Միմիայն Փիլիպպեի որդի Աշոտ իշխանը նվիրեց Տաթևի վանքին 15 գյուղ, թողյալ զանազան ժամանակներում ուրիշներից ընծայվածները։