Էջ:Րաֆֆի ԵԺ հ6.djvu/312

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


Երիտասարդը առանց ուշադրություն դարձնելու նրա աղաչանքի վրա, հարցրեց․

— Ո՞ր կողմից ես։

Կամենում էր գիտենալ՝ Դավիթ բեկի զինվորների՞ց է, թե Դավիթ ուրացողի։

— Մելիք Դավթի կողմիցն եմ, — պատասխանեց վիրավորը։

Երիտասարդը այդ լսելով, ավելի սիրտ առեց։ Զինվորը թշնամու բանակին չէր պատկանում։

— Ինչպե՞ս վերջացավ կռիվը, — հարցրեց նա։

— Կռի՞վը․․․ շատ վատ վերջացավ․․․ — պատասխանեց վիրավորը։ — Մեզ բոլորիս ջարդեցին։ Ի՞նչ կարող ես անել դրանց հետ։ Դրանք մարդիկ չեն, կատարյալ սատանաներ են։ Մտնում են ամեն տեղ, որտեղ ուզում ես։ Ոչ կրակից են վախենում և ոչ սրից։ Թռչում են անդունդների վրայով և ծտի նման անցնում են սարսափելի ժայռերից։ Նրանց սրի առջևից մարդիկ այնպես ցած են թափվում, որպես չորացած հասկերը հնձավորի մանգաղի առջևից։ Ես իմ աչքով տեսա և հիմա հավատում եմ, որ այդ մարդիկների մարմինը անխոցելի է։ Ի՞նչ կարող ես անել կախարդված մարդու հետ, որի մարմնի վրա ոչ հրացանի գնդակը և ոչ էլ նիզակի սուր ծայրը չեն ներգործում։

Դավիթ բեկի և նրա զորապետների մասին արդեն տարածվել էին սնահավատ ժողովրդի մեջ շատ առասպելական զրույցներ, որոնք սարսափ էին գցում Բեկի թշնամիների վրա։

— Դու ո՞ր զորաբաժնի մեջն էիր, — հարցրեց երիտասարդը, ցավալի պատմությունը լսելուց հետո։

— Ես մելիք Դավթի զորաբաժնի մեջն էի, -ասաց վիրավորը․ — բռնել էինք դեպի Տաթև տանող ճանապարհի անցքը։ Բայց վերևից այնքան քարեր թափեցին մեր գլխին, կարծես բոլոր լեռները փուլ եկան մեզ վրա։

— Իսկ հա՞յրս․․․ ի՞նչ եղավ հայրս․․․ — հարցրեց երիտասարդը դողդոջուն ձայնով։

Վիրավոր զինվորը ճանաչեց նրան․ երիտասարդը Դավիթ ուրացողի որդի Շահ-կուլին էր։

— Հա՞յրդ․․․ — ասաց նա ձգական ձայնով, — ո՞վ է իմանում, թե ի՜նչ եղավ։ Սպանվեցավ, մնաց, փախավ, բռնեցին, — ո՞վ կարող էր գիտենալ այն խառնակության ժամանակ, երբ ամեն մարդ իր գլխի մասին էր մտածում։

Երիտասարդը բավական տեղեկություններ ստացավ հոր անաջողությունների