Էջ:Րաֆֆի ԵԺ հ6.djvu/322

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ժայռ, որ բեկվում է լեռան բարձրությունից, գլորվում է դեպի ցած, և առաջ ընթանալով, հետզհետե ավելի և ավելի սաստկացնում է իր թափը․․․

— Մինչև ընկնում է անդունդի մեջ․․․ — կտրեց կալանավորը աբեղայի խոսքը։ — Բայց գիտե՞ք, հայր սուրբ, այդ ձեր նկարագրած ահագին քարաժայռը իր գլորման ընթացքում, մյուս ժայռերին զարկելով, որքան փշրվում է, որքան մաշվում է, և միայն նրա կտորտանքն են հասնում մինչև սարի ստորոտը․․․

— Գիտեմ․․․ ինչպես էլ և լինի, շարժման մեջ կյանք կա։

— Դիակի շարժումները կյանքի նշաններ չեն, նրանք րոպեական ցնցումներ են միայն, — պատասխանեց կալանավորը և սովորական դառն ծիծաղը դարձյալ երևաց նրա գունաթափ շրթունքի վրա։ — Հայ ժողովուրդը կատարյալ դիակ է։ Դիակին կարելի է ձեռքով բարձրացնել, ոտքի վրա կանգնեցնել, բայց հենց որ բաց թողեցիր, իսկույն կընկնի, կտարածվի գետնի վրա, դարձյալ անշարժ կմնա։

— Թե որքան դուք սխալվում եք ձեր կարծիքի մեջ հայոց ժողովրդի վերաբերությամբ, — ես այդ մասին հարկավոր չեմ համարում խոսել, մելիք, — ասաց աբեղան։ — Բայց դիցուք թե այդպես լինի, որպես դուք կարծում եք, թե հայ ժողովուրդը մի դիակ է․ մի՞թե դուք չեք մտածում կյանք տալ դիակին, քանի որ ինքներդ նույն ժողովրդի ծնունդն եք, քանի որ ինքներդ ազգով հայ եք, թեև մահմեդական կրոնը ընդունած։

— Ես, եթե կցանկանայի հայ ժողովրդի հետ գործ ունենալ, ոչ այլ կերպով չէի ընդունի, բայց միայն նրա գլուխը լինել և ոչ ոքի ստորադրյալ։

Վերջին խոսքերը բարկության չափ վրդովեցրին աբեղային, և նա չկարողանալով պահպանել իր սառնասրտությունը, պատասխանեց․

— Դուք դեռ ձեր հին ցնորքների մեջն եք գտնվում, մելիք։ Ով որ ձգտում է ժողովրդի գլուխ լինել միայն նրան կեղեքելու, միայն նրան կողոպտելու համար, եթե հասնելու ևս լինի իր նպատակին, չէ կարող երկար պահպանել իր դիրքը։ Բռնավորների կյանքը կարճ է լինում։ Ժողովրդի գլուխ լինելու համար պետք է պաշպանել նրա բարին, պետք է ունենալ նրա հետ նույն հարաբերությունները, ինչ հարաբերություններ որ ունի մարմնի բնական գլուխը մարմնի անդամների և ամբողջ կազմվածքի վերաբերությամբ։ Դուք անբնական գլուխ էիք, մելիք․ — հայ՝ պարսիկի հոգով, պարսիկի սրտով։