Նրա և թյուրք զինվորների մեջ շարունակվում էին թեթև հրացանաձգություններ։ Ոչ մի կողմը չէր կամենում վճռական քայլ անել, և հարձակում գործել։ Հրացանները արձակվում էին ավելի ցույցի համար, կարծես, մինը մյուսին ասել էր ուզում․ «Տես, ես այստեղ եմ․․․»։
Մառախուղը այժմ բոլորովին կորցրել էր իր ճերմակությունը և մոխրի գույն էր ստացել։ Հանկարծ բարձրացավ թեթև, բայց սառն քամի․ սկսեց մանր կերպով անձրևել։ Այդ երևույթը, որ կռվի ժամանակ կարող էր ուրիշներին տհաճություն պատճառել, ազդեց ծերունի զորապետի մեջ մի ներքին ուրախություն։ Նրա դեմքի կնճիռները ցնցվեցան և ժպիտի նման մի բան փայլեց խորին աչքերի մեջ։ Այդ միջոցին հայտնվեցավ կաղ Օհանեսը և հաղորդեց նրան Բայինդուր իշխանի պատվերները։
— Կռվի ժամանակ այսպիսի հաստատ և անփոփոխ որոշումները շատ անգամ կարող են վնասակար հետևանք ունենալ, — պատասխանեց նա իր սովորական հանդարտությամբ։ — Պետք է հարմարվել հանգամանքների և պայմանների փոփոխության հետ։ Նա հրամայում է ինձ իմ տեղում անշարժ մնալ, բայց դուք ի՞նչ կասեք այդ անձրևին։
— Անձրևին ես ոչինչ ասել չեմ կարող, — պատասխանեց կաղ պատգամաբերը ծիծաղելով․ — նա իր քեֆը ուզածի չափ, որքան կամենա, այնքան էլ կգա։
— Այո՜, որքան կամենա, այնքան կգա, — ասաց ծերունի զորապետը նույնպես ծիծաղելով։ — Բայց ես այդ մթին ամպերից գուշակում եմ, որ երկար կգա։ Մանր անձրևները մեր երկրում շուտով չեն դադարում։ Եվ այդ անձրևի հետ կապված է մեր հաջողությունը․․․
— Այսինքն, շուտով ամենքս թրջված հավ կդառնանք․․․
— Ես կրկնում եմ, որ այդ անձրևի հետ կապված է մեր հաջողությունը։ Այդ կարելի է վճռված բան համարել։ Դու գիտես, որ թյուրքերը զինված են այնպիսի հրացաններով, որ վառվում են փիլթաներով (ֆիտիլ)։ Անձրևը անպատճառ կթրջե փիլթաները և ոչ մի հրացան արձակել չեն կարող։ Իսկ մեր մարդիկը ունեն գեղեցիկ կայծհանավոր հրացաններ, որ անձրևից շատ չեն վախենում։ Այժմ կարելի է համարձակ հարձակում գործել և մի քանի ժամից հետո բոլոր թյուրքերին իրանց բարձրություններից կթափենք ձորի մեջ։
Մելիք-Փարսադանի ձեռնարկությունը իսկապես չէր հակառակում Բայինդուր իշխանի դիտավությանը, այլ ավելի նպաստում էր նրան։