թվով էին արձակվում․ նրանք պատասխանում էին զամբուրակներով, որ երեք հատից ավելի չպիտի լինեին։ Կռիվը այս կերպով շարունակվեցավ մի ամբողջ ժամ։
Այդ միջոցին Ավթանդիլ գնդապետը, մոտենալով ծերունի զորապետին, ասաց․
— Այդ երեխայական խաղից ոչինչ չի դուրս գա, հրամայեցեք վերջնական կերպով հարձակում գործեն։
— Այժմ վտանգավոր է․․․ — պատասխանեց ծերունի զորապետը փոքր-ինչ վրդովված ձայնով։ — Նայեցեք, թշնամու բանակները միացան։
Գնդապետը նայեց դեպի այն կողմը, որ ցույց տվեց ծերունի զորապետը։ Նա տեսավ, իրավ, թշնամու մյուս զորաբաժինը, որ գտնվում էր կիրճի աջ կողմում (այսինքն այն կողմում, որտեղից պետք է անցներ Բայինդուր իշխանը), թողնելով իր դիրքը, եկավ, միացավ առաջինների հետ։
— Պատրաստ եմ երդվել, որ Բայինդուրը այդ հիմարներին մոլորության մեջ է ձգել, — խոսեց Ավթանդիլ գնդապետը ուրախությամբ ծափ տալով։ — Դուք ինչպե՞ս եք կարծում, մելիք։
— Շուտով կհայտնվի, — պատասխանեց ծերունի զորապետը։ — Բայինդուրը գործի մեջ զանցառություն չէ սիրում, նա ինքը տեղեկություն կտա մեզ։ Բայց մինչև տեղեկություն ստանալը պետք է այդ բլուրը, որ մենք ձեռք բերեցինք, պահպանել։
Մինչ հայ զորապետները այսպիսի անորոշ կարծիքների մեջ էին, թշնամու բանակները միմյանց հետ միանալով, ավելի և ավելի ստվարացան։ Եվ նրանք, որ մինչև այժմ պաշտպանողական դիրք էին բռնած, սկսեցին հարձակողական կերպարանք ընդունել։
«Յա՜ Ալի․․․» — գոռացին հազարավոր ձայներ և լեռները թնդացրին վայրենի աղաղակներով։
Այդ սրբազան անունը լցնում է մահմեդականի սիրտը կատաղի ոգևորությամբ, այդ անվան հետ կապված է նրա բոլոր կրոնական զգացմունքը․ այդ անունը արտասանելիս նա մոռանում է ամեն ինչ՝ թե իր անձը, թե իր կյանքը, և խավար մոլեռանդությամբ պատրաստ է բոլորը զոհել նրա սիրո համար։
«Կեցցե՛ Դավիթ բեկ», — գոռացին հայոց քաջերը և պատասխանեցին թշնամուն հրացանների կրակով։
Գետինը ծածկվեցավ դիակներով։ Բայց թշնամին դրանից