Էջ:Րաֆֆի ԵԺ հ6.djvu/388

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

են մի-մի ահագին չինարիներ և հովանավորում են ամբողջ բակը։ Այդ բակի միջից մի նեղ դուռ տանում է դեպի զենքերի պահեստի ամբարանոցը, իսկ մի մեծ դուռ տանում է դեպի խանի դիվանատան ընդարձակ բակը։

— Ի՞նչ ես կարծում, ես չէ՞ի մոլորվի այդ լաբիրինթոսի մեջ։

— Ես քեզ հետ կլինեմ, ինձ բոլոր ծակուծակերը հայտնի են, ես քեզ միայնակ չեմ թողնի։

Փոխանակ պատասխանի, երիտասարդը մյուս անգամ գրկեց իր հերոսուհուն և սեղմեց իր կուրծքի վրա։

— Դու երբեք ինձ այդքան քաղցր չես եղել, որպես այս գիշեր, նազելիս, — ասաց նա խորին հոգեզմայլության մեջ։ — Հիմա պատրատվենք գնալու։

— Ես շատ չեմ ուշացնի քեզ, — պատասխանեց տիկինը, նրա գրկից դուրս պրծնելով․ — ինձ հարկավոր է միայն փոխել հագուստս։

Նա վազեց իր սենյակը և մի քանի րոպեից հետո վերադարձավ տղամարդի հագուստով։

— Պետք է մարդու հագուստը սազ գա իր գործին, այդպես չէ՞, սիրելիս, — ասաց նա ծիծաղելով։ — Հիմա գնանք։

— Սպասի՜ր, — ասաց աբեղան նրան կանգնեցնելով․ — ես մոռացա քեզ հարցնել, թե ինչպե՞ս հաջողվեցավ քեզ ձեռք բերել այդ բանալիները։

— Դա մի ամբողջ պատմություն է, լավ է, որ չհարցնեք, — պատասխանեց Սառան հրաժարվելով։

— Ինչո՞ւ։

— Կարելի է Փարիշանը բարկանա, եթե քեզ պատմելու լինեմ։

— Երևի, մի գաղտնիք կա․ բայց դու գիտես, որ մենք հոգևորականներս իրավունք ունենք ամեն մարդու գաղտնիքները գիտենալու, — ասաց երիտասարդը ծիծաղելով։ — Փարիշանը չի բարկանա, պատմի՜ր, սիրելիս։

— Փարիշանը գողացել է այդ բանալիները ամրոցի «ղափուչի-բաշիից» (դռնապանների գլխավորից), — ասաց Սառան, երկար մտածելուց հետո։

— Ինչպե՞ս։

— Հենց այդ ինչպեսի մեջն է բոլոր գաղտնիքը, լսի՜ր․ — դռնապանների գլխավորը մի ծերունի է, այն ծերունիներից մեկը, որ մազերը սպիտակելուց և ատամները թափվելուց հետո նորից սկսում է սիրել։ Նա մի առանձին ախտ ունի սիրահարվել միայն