Էջ:Րաֆֆի ԵԺ հ6.djvu/391

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

— Շատ լավ, — համաձայնվում է Փարիշանը և սկսում է մատը մի առ մի դնել բանալիների վրա, ասելով․ — ահա այդ մեծ դռան բանալին է, այդ փոքր դռան բանալին է, այդ միջին դռան բանալին է, այդ դրսի դռան բանալին է, և մյուսներն էլ այդ կարգով։

— Ես տարա, ես տարա, — բացականչում է Ասկար ամին, ուրախությունից վեր-վեր թռչելով։ — Ոչ մեկը չկարողացար գիտենալ։

— Ինչպե՞ս չկարողացա, — պատասխանումէ Փարիշանը չկոտրվելով․ — ապա դու իմ սխալները ցույց տուր, տեսնեմ։

— Այս րոպեիս ցույց կտամ, — ասում է Ասկար ամին և սկսում է մի առ մի ցույց տալ, թե որ բանալին որ դռանն է պատկանում, մինչև հասնում է երկու բանալիի։ — Դրանցից մեկը, ասում է, զենքերի պահեստի բանալին է, իսկ մյուսը՝ նրա բակի դռան բանալին է։

Փարիշանը մտքումը նշանակում է այդ երկու բանալիները, իսկ ծերունին շարունակում է մնացածները ցույց տալ։

— Հիմա տեսա՞ր, որ տարված ես, — ասում է ծերունին դառնալով դեպի Փարիշանը․ — հիմա տուր տարած գրազս։

— Ինչ տամ, իհարկե, դու կարող ես գիտենալ, իսկ ես չեմ կարող, — ասում է Փարիշանը, նրան ավելի գրգռելով։ — Քո բանալիներն են, քո ձեռքումն են մաշվել, ես ո՞րտեղից պիտի գիտենամ։

— Դե, լավ է, անաստված, մի տանջիր ինձ, — ասում է Ասկար ամին աղաչելով․ — «խո տարել եմ, էլ ի՞նչ խոսք ունես։ Թե ուզում ես, այն տասը ոսկին էլ կտամ, որ խոստացա։

— Լավ, տուր, — ասում է Փարիշանը, ոչ թե ոսկիները ստանալու ցանկությունով, այլ որ մի առիթ գտնե նրան սենյակից հեռացնելու, որովհետև գիտեր, որ ոսկիները իր սանդուխանայում[1] պահած ունի։

Ծերունու ընդունարանից մի այլ դուռ բացվում էր դեպի փոքրիկ սանդուխանան․ նա մտնում է այնտեղ ոսկիները բերելու համար։ Փարիշանը այդ միջոցին, օգուտ քաղելով նրա բացակայությունից, վեր է առնում նշանակած բնալիները և թաքցնում է իր գրպանում։ Երբ հայտնվում է ծերունին, ոսկիները բռնած ձեռքում, Փարիշանը ասում է նրան․

  1. Սանդուխանա նշանակում է պահեստի տեղ, ուր առհասարակ պահում են սնդուկներ, թանկագին իրեղեններ։