Էջ:Րաֆֆի ԵԺ հ6.djvu/393

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


պատերազմական խորամանկություններով։ Իսկ այդ խորամանկությունները արդեն գործ դրված էին։ Բայց ոչ խանը և ոչ նրա ավագանին չգիտեր, որ թշնամին արդեն բերդի միջումն է, գործում է, որոգայթներ է լարում հենց նրանց քնթի տակին․․․

Բռնակալը կարող է երկնել միայն հրեշավոր մտքեր․ ռազմագիտական նուրբ կանխատեսությունները նրան ծանոթ չեն։ Գլխատելով իր հայ բնակիչներին, և նրանց կառափները նետելով դեպի թշնամու բանակը, — դրանով խանը մտածում էր սարսափ ձգել Բեկի վրա և նրան հեռացնել իր բերդի մոտից։ Խանի հրամանը արդեն հայտնի էր թե բերդի թյուրք բնակիչներին, և թե նրա զինվորներին։ Վաղորդյան նամազը կատարելուց հետո պիտի սկսվեր կոտորածը։ Հայերի տները, կայքը, կանայքը, զավակները արդեն հարևանացիորեն բաժանված էին իրանց դրացի մահմեդականների մեջ։ Եվ այդ կարգադրությունները հայտնի էին իրանց՝ հայերին։

Այդ կարգադրությունների վրա ծիծաղում էր մի սարսափելի մարդ, ծիծաղում էր հսկայի և սատանայի ծիծաղով։ Նա գտնվում էր նույն ժամում յուզբաշի Սարգսի տան սենյակներից մեկի մեջ, որը առանձնացած, բաժանված էր կանանց բնակարանից։

Յուզբաշի Սարգիսը մի սպիտակամորուք ծերունի էր, խելացի, փորձված և բարեսիրտ։ Նա ծանոթ էր խանին որպես հայերի ներկայացուցիչը, որպես նրանց տանուտերը։ Երբեք նրա տանից պակաս չէր լինում աստուծո հյուրը, իսկ այս գիշեր ընդունել էր իր մոտ այն «սարսափելի մարդուն», որ վերևում հիշեցինք։ — Դա տեր Ավետիքն էր, Բեկի անգութ զորապետներից մեկը։ Նրա շուրջը շարված էին մի քանի հոգի բերդի հայ բնակիչների երևելիներից, ուշադրությամբ լսում էին նրա խոսքերը։

Տանուտերը, որպեսզի մահմեդականների կասկածը չհարուցանե իր տան մեջ հավաքված ժողովի վրա, առաջուց լուր էր տարածել, թե դիտավորություն ունի հայերից մի մեծ գումար հավաքել, ներկայացնել խանին, և դրանով նրա բարկությունը ամոքել, և նրա հպատակ, հավատարիմ հայերի կյանքը ազատել կոտորածից։ Այդ լուրը հասել էր խանի ականջին։ Նա իր մեջ նույնպես ծիծաղում էր հայերի միամտության վրա, սպասում էր ստանալ գումարը, հետո հրամայել, որ նրանց գլխատեն։

Բայց յուզբաշի Սարգսի տան խորհուրդը, փոխանակ «փեշքեշի» վրա մտածելու, զբաղված էր այլ պատրաստություններով։

Տեր Ավետիքը, որ Բեկի կամավորների թվում մտնելուց հետո զինվորականի հագուստ էր կրում, և որը այդ բերդում մտավ սափրիչի