— Դու չգիտես, Փարիշան, — ասաց նա վշտալի ձայնով․ — դու չգիտես, այս գիշեր ես ո՜րքան տանջվեցա, որքան ցավեր կրեցի սիրելի երեխայիս պատճառով։ Բայց դարձյալ պետք է աշխատեմ ուրախ ձևանալ, դեմքս զվարթ պահել, աչքերիս հրապուրիչ արտահայտություն տալ և հակամայից ժպտալ, ծիծաղել․․․ որովհետև իմ տերը, իմ իշխանը բարեհաճել է այս գիշեր իմ տխուր օթևանին այցելություն գործել․․․։ Այո՜, ես տխրելու իրավունք չունեմ․․․ որովհետև իմ սիրտը ինձ չէ պատկանում․․․ ես պիտի նրա մեջ խեղդեմ իմ բոլոր զգացմունքները, իմ բոլոր կրքերը․․․ և պիտի կեղծեմ․․․ միայն թե կարողանամ իմ տիրոջը հաճո երևնալ․․․ որ չձանձրացնեմ նրա ուրախության րոպեները․․․։ Գիտե՞ս, Փարիշան, այդ ի՜նչ տանջանք է․․․ գիտե՞ս, որքան հոգեկան մեծ զոհաբերություն հարկավոր է դրա համար․․․
— Գիտեմ․․․ -ասաց խելացի աղախինը։ — Ամբողջ հինգ տարի է, որ ես ծառայում եմ ձեզ մոտ․ ես միշտ նկատել եմ ձեր տխուլ ժպիտը, միայն արտասուքի կաթիլների միջից, ինչպես անձրևային կաթիլների միջից թեև անցնում են արեգակի ճառագայթները, բայց լավ չեն ջերմացնում․․․
— Այո՜, հինգ տարի է, — կրկնեց տիկինը․ — բայց իմ այստեղ լինելս յոթն տարի է։ Այդ յոթն տարվա ընթացքում իմ վիճակը եղել է մի ողորմելի վարձկան կնոջ դրություն, որ իր սերը վաճառում է․․․ Նա կամա-ակամա պետք է զվարճացնե իր այցելուին, որովհետև դրա համար վարձված է․ նրան վճարում են․․․
— Փարիշան, — առաջ տարավ նա․ — դու որևիցե ժամանակ սիրե՞լ ես։
— Սիրել եմ, տիկին։
— Ուրեմն կարող ես երևակայել, թե որքան ծանր, որքան անախորժ բան է, երբ մարդ ակամա ստիպված է սիրող ձևանալ մեկին, երբ նրան սիրել կարող չէ։ — Փորձե՞լ ես մի այսպիսի բան։
— Փորձել եմ, տիկին․․․
Աղախինը մտաբերեց իր նույն գիշերվա ծանր փորձը դռնապանների գլխավոր՝ Ասկար ամիի հետ։
Զուբեյիդա խանումը ազգով հույն էր, մի լավ ընտանիքից․ նրան խանը գերի բերեց Էրզրումի կողմերից, երբ յոթն տարի առաջ իր ավազակային խումբերով գնացել էր այն կողմերում ասպատակություններ անելու։ Նրա հայրը խոստացավ հինգ հազար ոսկի տալ խանին, միայն թե իր աղջիկը ազատե գերությունից, բայց խանը չընդունեց։ Գեղեցիկ Զուբեյիդան մնաց նրա կանանոցում,