Jump to content

Էջ:Րաֆֆի ԵԺ հ6.djvu/414

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

որ քեզ ցավակից լիներ։ Որովհետև, նա, որ չէ բաժանել քո սերը, չէ կարող բաժանել և քո ցավերը։

— Հիմա տեսնում ես, որ դու ընտանիք չունես, — առաջ տարավ տիկինը։ — Դու ունես միայն կնիկների մի խոշոր խումբ, որոնց պահում ես երկաթյա կապանքների մեջ, որոնք հպատակում են քեզ ամենայն խոնարհությամբ, որովհետև հակառակելու, ընդդիմանություն գործելու հնար չունեն։ Բանտարկյալը կհնազանդվի իր բանտապետին, բայց նրան չի սիրի։ Քո հարեմատունը քո կնիկների բանտն է․ — դա ընտանիք չէ։ Քո զավակները ծնվում են, մեռնում են, դու ամենևին տեղեկություն չունես։ Դու գիտե՞ս, որ իմ աղջիկը արդեն չորս ամիս է, որ մեռած է, դու գիտե՞ս, որ իմ որդին այժմ մահամերձ հիվանդ է։ Դու ոչինչ չգիտես, որովհետև ներքինապետը չէ հայտնել քեզ, մի գուցե քո ուրախության ժամերից մի քանի րոպե խլած լինի։ Քո զավակները ծնվում են, մեծանում են որպես վայրենիներ։ Նրանց դաստիարակում են Աֆրիկայի անապատներից բերված սևերը, որոնք գազաններից ոչինչով չեն զանազանվում։ Նրանք հարկավոր դեպքում ոչ միայն իրավունք ունեն ծեծելու քո զավակներին, այլ ծեծում են և քո կնիկներին։ — Եվ այդ բոլոր հրեշավոր խառնափնթորությունը դու կոչում ես ընտանիք․․․

— Քո կնիկները ուրիշ ոչինչ չեն, եթե ոչ մետաքսի, գոհարների և ոսկու մեջ պատած ստրուկներ։ Ստրուկը կարող է կին լինել, բայց ամուսին լինել կարող չէ, քանի որ իր ստրկության մեջ կմնա։ Նայիր ինձ վրա, նայիր այդ սենյակին, դու կարծում ես այդ բոլոր զարդարանքը, այդ բոլոր շքեղությունը քո սիրո համա՞ր է։ Ամենևին։ Ներքինապետը ինձ հրամայեց պատրաստվել և ես պատրաստվեցա։ Իսկ եթե դու իմ սիրտը այս րոպեում քննելու լինես, նրա մեջ կգտնես դառնություն, ցավ, անբժշկելի վերքեր․․․

— Ինչո՞ւ, — հարցրեց խանը կատաղած կերպով։ — Ուրեմն դու էլ ինձ չե՞ս սիրում։

Տիկինը իսկույն ուղղեց իր սխալը, ասելով․

— Նրա համար, որ ես արդեն քեզ ասեցի, որ երեխաս հիվանդ է։ Մայրը չէ կարող տխուր, վշտացած չլինել հիվանդ զավակի անկողնի մոտ։

Դրսից թշնամու թնդանոթները, իսկ իր տան մեջ կնոջ խոսքերը, — երկուսն էլ միօրինակ ներգործություն էին անում բռնապետի սրտի վրա։ Թշնամին ճնշված, հարստահարված հայ էր, իսկ կինը — հարեմի ստրուկ։ Երկու համանման վիճակներ, որ չէին տարբերվում։ Երկու ստրուկներն ևս ապստամբել էին բռնապետի