Էջ:Րաֆֆի ԵԺ հ6.djvu/427

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

— Մի այնպիսի ապահով տեղ, ուր դուք ազատված կլինիք։ Շտապեցեք, ժամանակ կորցնելու չէ, մի քանի րոպեից հետո Բեկի զինվորները կթափվեն ամրոցի վրա և կրակից մնացածը նրանք սրով կոչնչացնեն։

— Ո՞ւր գնանք, ինձ ո՞րտեղ ես տանում, — դարձյալ հարցրեց տիկինը, նստած տեղից չշարժվելով։

— Սառայի տունը, — պատասխանեց աղախինը նրա ձեռքից բռնելով։ — Սառան ձեր լավ բարեկամն է․ նա այնքան բարի է, որ դուք կարող եք նրա վրա վստահություն ունենալ։ Նա ինքը այստեղ է, եկել է ձեզ տանելու, սանդուղքների վրա սպասում է։

Տիկինը իսկույն չպատասխանեց․ տխուր մտածություններ տիրեցին նրա սրտին։ Նա թաշկինակը սեղմեց աչքերի վրա, և րոպեական լռությունից հետո, արտասավախառն հեկեկանքով հարցրեց․

— Դու ինձ առաջարկում ես փախչե՜լ, Փարիշան․․․

— Այո՜, փախչել, — պետք է անպատճառ փախչել այդ Սոդոմից, որ աստուծո բարկության հրովը կործանվում է․․․

Նրանց խոսակցությունը ընդհատեց մի սոսկալի, որոտաձայն դղրդոց։ Կարծես, հարյուր թնդանոթներ միասին արձակեցին, և կիսավեր ամրոցը հիմքից շարժվեցավ, օրորվեցավ, և փոքր էր մնում, որ մնացած մասերն էլ կործանվեին, տակնուվրա լինեին։

Փարիշանը վազեց, բաց արեց լուսամուտը, նայեց դեպի ծխի և փոշու մեջ կորած բակը։

— Այդ ի՞նչ էր, — հարցրեց սարսափած տիկինը։

— Ներքինապետի բարձր աշտարակը կործանվեցավ, նրա փառքը և իշխանությունը տապալվեցավ, — ծիծաղելով ասաց Փարիշանը։ — Կրակը անցնում է դեպի կանանոցը։

Իրավ, փուլ եկողը ներքինապետի աշտարակն էր, որի բարձրությունից «աղջիկների իշխանը» տիրում էր ամբողջ կանանոցի վրա։ Նա կործանվեցավ և իր ծանրության տակ փշրեց մի քանի այլ շինվածքներ։ Նրա որոտաձայն դղրդոցը բարձրացրեց հարյուրավոր կնիկների բերաններից զարհուրելի աղաղակներ, իսկ տիկնոջ գրկում զարթեցրեց քնած երեխային։

Նա իր գեղեցիկ աչքերը բաց արեց, և լուսամուտից տեսնելով դրսի լուսավորությունը, — ժպտալով ասաց․

— Արևը դուրս է եկել, ես ո՜րքան շատ քնեցի։

— Հա՜, զավակս, շատ քնեցիր, — պատասխանեց մայրը, նրան համբուրելով։ — Բայց դա արևը չէ․ այնտեղ կրակ են վառում․․․