Էջ:Րաֆֆի ԵԺ հ6.djvu/433

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


ծեր և պատանի, հրացանները ձեռքներին բռնած, կանգնել էին պատնեշի ետևում։

— Այստեղից անցնել անկարելի է, գնանք մյուս փողոցով, — ասաց Խորեն հայր սուրբը։

— Ինչո՞ւ, դրանք խո հայեր են, — պատասխանեց Սառան։ — Մեզ ի՞նչ վնաս պիտի տան։

— Հայեր են, բայց մինչև նրանց հասկացնելը, թե մենք ովքեր ենք, հարյուրավոր հրացաններ կարձակեն մեզ վրա։

Նրանք շուռ տվեցին դեպի մյուս փողոցը։

— Ինչպե՞ս շուտ պատրաստվեցան, — ասաց Սառան մի առանձին ուրախությամբ։

— Զենքը մարդուն քաջություն է ներշնչում, — պատասխանեց Խորեն հայր սուրբը։ — Մենք տվեցինք նրանց զենքեր, իսկ նրանք կտան մեզ լավ զինվորներ։

— Մի՞թե հայերը զինվորական ընդունակություն ունեն, — հարցրեց տիկինը։

— Հայերը նույնպիսի մարդիկ են, ինչպես բոլոր մարդիկը, — պատասխանեց Խորեն հայր սուրբը։ — Դու տուր մարդուն աչքի լույս, նա կգտնե իր ճանապարհը․․․

ԻԳ

Միևնույն ժամում, երբ հրդեհը տարածվում էր ամրոցի մեջ, երբ հոյակապ շինվածքները գոռգոռալով խորտակվում էին, երբ մարդիկների բազմությունը աշխատում էր կրակի ծավալման առաջը առնել, — համարյա միևնույն ժամում, երբ փախստականները դուրս եկան պարտեզից, խանը կատաղի վրդովմունքով կանգնած էր դիվանատան ընդարձակ բակի կենտրոնում, իսկ նրա հանդեպ կանգնած էր վեզիրը։ Կրակի սաստիկ լուսավորությունը ամեն կողմից տեսանելի էր կացուցանում երկրի այդ երկու պետերին։

Բավական հեռու կանգնած էին խանի դրանիկները և չէին համարձակվում մոտենալ նրան։ Բարկության րոպեներում նա նույնքան կատաղի էր, որպես այն հրդեհը, որ լափում էր շինությունները։ Դրանիկներից ոմանք զանազան հրամաններ էին տալիս ամբոխին, իսկ ոմանք սպասում էին խանի հրամանին։

— Վեզիր, դա քրիստոնյաների գործն է, — ասաց խանը։

— Այո՜, քրիստոնյաների գործն է, — պատասխանեց վեզիրը։

— Այստեղի քրիստոնյաների, — ավելացրեց խանը։