Էջ:Րաֆֆի ԵԺ հ6.djvu/434

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

— Այո, այստեղ քրիստոնյաների, — հաստատեց վեզիրը։

— Ես այս րոպեիս կհրամայեմ, որ նրանց կոտորեն, շան նման կոտորեն։

— Այժմ խիստ ուշ է․․․ — պատասխանեց վեզիրը։

— Ինչո՞ւ։

— Չե՞ք լսում։

— Ի՞նչը։

— Թմբուկների ձայնը։

— Լսում եմ։ Այդ ի՞նչ ձայն է։

— Բեկի զորքերի թմբուկների ձայնն է։ Թշնամին մտնում է բերդը։

Խանը գունաթափվեցավ։

— Թշնամին մտնում է բե՛րդը․․․ — կրկնեց նա մի այնպիսի ծիծաղով, որ բարկության ժամանակ փոխարինում է արտասուքին։ — Ապա ո՞րտեղ են իմ զորքերը, իմ զորապետները, որ կարգված էին բերդը պահպանելու համար։

— Նրանցից ոմանք փախել են, իսկ ոմանք եկել են այստեղ կրակը հանգցնելու համար։ Թշնամին մեր տան մեջ կրակ ձգեց, որ մեզ դրանով զբաղեցնե, իսկ ինքը միջոց գտավ գրավելու մեր բերդը։

— Հիմա ի՞նչ պետք է արած, — հարցրեց խանը հուսահատ կերպով։

— Եթե դուք ինձ թույլ տաք, ես կդիմեմ հաղթողին և հնազանդություն կհայտնեմ։

— Երբեք։

— Դուք դրանով կազատեք հազարավորների կյանքը սարսափելի կոտորածից։

— Թող բոլորն էլ ինձ հետ կոտորվեն, քան թե խոնարհվեն գավուրի առջև։ Դու չգիտես, վեզիր, մեր կրոնի հանգանակը․ մուսուլմանին թույլ տված չէ խոնարհվել այլադավանի լծի ներքո․ մուսուլմանը կամ պետք է տիրե, կամ պետք է ոչնչանա։

Այդ միջոցին դիվանատան բակը մտավ մի խուռն, զինված բազմություն։ Նրանց առաջնորդում էր մոլլաների գլխավորը, մի բաց սուր ձեռքումը բռնած։ Նրա առջևից գալիս էին երկու չավուշներ[1], որոնք տանում էին երկու հոգևոր դրոշակներ։ Չավուշները քարոզ էին կարդում․

  1. Չավուշ նշ․ հոգևոր ջառչի, հրապարակական քարոզներ կարդացող։