Էջ:Րաֆֆի ԵԺ հ6.djvu/436

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

երկու ջառչիներ բարձր ձայնով հրատարակում էին Բեկի հրամանը․ «Չխղճալ, կոտորել անխնա կերպով․․․»։

Այդ հրամանի հրատարակվելուց մի քանի ժամ առաջ, Գեղվա[1] գետի ափի վրա զետեղված բանակի մոտ, սարի բարձրավանդակի վրա, միայնակ նստած էր մի մարդ։ Նա աչքերը հառած, անհամբերությամբ նայում էր երբեմն դեպի բերդը, երբեմն դեպի երկինքը։ Թեև խավարի միջից ոչինչ տեսնել չէր կարող, բայց այն, որ ցանկանում էր տեսնել, խավարի միջից ավելի պայծառ կերպով կարող էր երևնալ։ Ձանձրույթը, անհամբերությունը, սրտի վրդովմունքը մեղմացնելու համար, նա ստեպ-ստեպ վառում էր իր կարճ չիբուխը և ծխում էր։ Նա նմանում էր այն մոլեռանդ աստղահմաներին, որ ամբողջ գիշերը լուսացնում են, երկնքի վրա որոնելով իրանց ցանկացած աստղին, որպեսզի նրանով կատարեն մի մեծ, սքանչելի կախարդություն։

— Այդ պատարագիչներից ոչինչ չի դուրս գա, — ասաց նա իր մտքում, ավելի բարկանալով․ — ամեն բան նրանց մոտ ծես է, արարողություն է, խորհուրդ է․․․

Պատարագիչներ կոչում էր նա քահանաներին։

— Հարյուր ծովի ջրով լվանալու ևս լինես նրանց, դարձյալ խունկի հոտը չի կտրվի նրանցից․․․ — ավելացրեց նա։

Նրա շուրջը լեռ, ապառաժ և անտառ էր։ Նա նստած էր մի քարաժայռի բեկորի վրա և թիկն էր տված մի ահագին կաղնիի։ Այդ դրության մեջ նմանում էր նա այն վիթխարի անտառային հուշկապարիկներից մեկին, որ իրանց ծարավը հագեցնում են մարդկային արյունով։ Նա նստած էր այնտեղ սկսյալ այն ժամանակից, երբ Բեկի բանակի մեջ ստացվեցավ բերդից ուղարկած գաղտնի նամակը։

Նրա բարկությունը, անհամբերությունը, վրդովմունքը հետզհետե սաստկանում էր։ Եթե մեկը խավարի միջից կարողանար հետազոտել նրա դեմքը, կսարսափեր։ Բայց ինչո՞ւ էր զայրացած նա։ Այդ մարդը բնավորությամբ բարի, գթած և խաղաղ էր։ Բայց խաղաղ մարդկանց բարկությունը նմանում է Խաղաղական օվկիանոսի սոսկալի փոթորիկներին, որոնք թեև հաճախ չեն պատահում, իսկ երբ որ պատահում են, ճանապարհորդները ազատ չեն մնում նավաբեկությունից։

  1. Գեղվա գետը կոչվում է Օխչու գետ, որովհետև անցնում է Օխչի ավանի մոտով։