Jump to content

Էջ:Րաֆֆի ԵԺ հ6.djvu/439

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

է անցնենք, որ մյուսների համար ճանապարհ բաց անենք։ — Պարսից թագավորի «բաթման-ղլիջը» իր ձեռքը կտրել կտա, եթե մեկը համարձակվի նրանից առաջ մտնել բերդը։

Ծերունի զորավարը համոզվեցավ, որ հերթը իրանցն էր։ Մխիթար սպարապետը իր զորապետների հետ բռնել էր Հալիձորի գետի վերին անցքը։ Դավիթ բեկը և Ներսես եպիսկոպոսը բռնել էին Հալիձորի գետի ներքին անցքը։ Իսկ իրանց բանակը գտնվում էր Գեղվա գետի անցքի վրա, ուղիղ բերդի մեջ փորված ականի հանդեպ։ Ուրեմն առաջ իրանք պեք է անցնեին ականից, որ մնացած զորքերի համար ճանապարհ բաց անեին։

— Դուք չե՞ք կանչել տա այստեղ «Արաբոյին», — հարցրեց նա ծերունի զորավարից։

Արաբո կոչում էր Բայինդուր իշխանը Ավթանդիլ գնդապետին, նրա դեմքի բավական թուխ գույն ունենալու համար։ Այդ մականունը այնքան հատկանիշ էր, որ ընդունելություն գտավ բոլոր զորքերի մեջ։

Ծերունի զորապետը իր թիկնապահներից մեկին հրամայեց կանչել Ավթանդիլ գնդապետին։

Երբ երիտասարդ գնդապետը հայտնվեցավ, նրա թուխ, բայց իր գեղեցիկ գծագրություններով ախորժելի դեմքը փայլում էր ուրախությունից։ Նա արդեն գիտեր բոլորը։ Բայց ծերունի զորավարը դարձյալ պարտք համարեց նրան ասել․

— Հասավ այն ուրախալի ժամը, որին մենք մեծ անհամբերությամբ սպասում էինք։ Բերդի մեջ ամեն ինչ պատրաստ է։ Այժմ պետք է հարձակում գործել։ Մենք պետք է անցնենք ականի միջով, որի գոյության պատմությունը ձեզ հայտնի է։ Պետք է անցնենք առանց աղմուկի, առանց շփոթի։ Մեր խոհեմությունիցն է կախված գործի հաջողությունը։

Բայինդուր իշխանը համբերություն չուներ լսելու ամեն մի խրատ, ամեն մի հրահանգ, մանավանդ, երբ այդպիսիները արտասանվում էին քարոզի կամ ճառի ձևով։ Այդ պատճառով նա կտրեց ծերունի զորավարի խոսքը, ասելով․

— Հենց այդ խոհեմություն կոչված բանից, այդ երկար քարոզներից սպիտակեցան պարսից թագավորի «բաթման-ղլիջի» սև մազերը։ Ո՞ր գիժը չգիտե, թե պետք չէ սկզբից աղմուկ բարձրացնել։ Մի՞թե գողը, որ գիշերով մտնում է քնած քաղաքացու տունը, թմբուկ ածելով է մտնում։ — Թողնենք դրանք։ Ես մի խնդիրք ունեմ