Jump to content

Էջ:Րաֆֆի ԵԺ հ6.djvu/445

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

— Շատ ապրես, տեր հայր, խաչը վկա, օրինավոր մարդ ես եղել, ես այդ չէի իմանում։ Բե՜ր ձեռքդ համբուրեմ։

Քահանան ետ քաշեց իր ձեռքը, նշանակություն չտալով իշխանի կատակներին։

Ականը փորված էր բերդի այն կողմում, որ համարյայ թե ամայի էր։ Այստեղ կային բազմաթիվ հին շինվածքների ավերակներ, և ավելի ոչինչ։ Քանդված եկեղեցին ցույց էր տալիս, որ մի ժամանակ բերդի այս կողմում կար հայոց մի ամբողջ թաղ։ Ո՞ր ժամանակ, և ի՞նչ հանգամանքներից ստիպված, նրանք թողեցին իրանց բնակարանները, — հայտնի չէր։ Այդ ավերակների մեջ կարող էին հազարավոր զինվորներ թաքնվել և անհայտ մնալ։ Այդ կետից նայելով, տեր Ավետիքը ընտրել էր բերդի ամենահիվանդոտ տեղը։

Հեռվից լսելի եղան խառնաձայն աղաղակներ, որոնց հետևեցին հրացանի ձայներ։

— Այդ ի՞նչ ձայներ են, — հարցրեց Բայինդուր իշխանը տեր Ավետիքից։

— Երևի, մահմեդականները հարձակվեցան հայոց թաղի վրա, — պատասխանեց նա, ավելի ուշադրությամբ ականջ դնելով ձայներին։ — Այո՜, հարձակվեցան։ Նրանք սովորություն ունեն հարձակումից առաջ վայրենի աղաղակներ բարձրացնել։

— Հայերը կարո՞ղ են ընդդիմադրել։

— Երկար, իհարկե, չեն կարող, բայց մինչև մեր հասնելը, կդիմանան։

— Ուրեմն էլ ինչո՞ւ ենք սպասում, — հարցրեց իշխանը։

— Սպասում ենք, որ Մելիք-Փարսադանը և Ավթանդիլ գնդապետը գան։

— «Մինչև Շուշանը կզարդարվի, պատարագը կարձակվի․․․», — պատասխանեց իշխանը։ — Մինչև նրանց գալը, գուցե հայերին կկոտորեն։

— Հրամայեցեք թմբուկները ածեն․ մենք նրանց աղաղակներին կպատասխանենք մեր թմբուկներով։ Դա բավական սարսափ կձգե նրանց վրա։

— Դրանով բան չի դառնա։ Այդ ֆանդերը ես քեզանից լավ եմ իմանում, տեր հայր։ Որսորդները արջին խփելու ժամանակ սկզբից «հուշտ» չեն անում[1]։ Հանկարծակի զարկը ավելի սոսկալի է լինում։

  1. Հուշտ անել՝ նշ․ խրտնեցնել։