Էջ:Րաֆֆի ԵԺ հ6.djvu/447

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


— Հալիձորի գետի վերին կողմից Մխիթար սպարապետը, իսկ ներքին կողմից՝ Բեկը։

— Այդ միայն սատանան կարող է ջոկել քրիստոնյայի և մահմեականի թնդանոթի ձայների զանազանությունը, — պատասխանեց Բայինդուր իշխանը մրթմրթալով։

— Մարդն էլ կարող է ջոկել այդ, — ասաց ծերունի զորավարը ժպտալով․ — միայն հարկավոր է դրա համար սյունեցի լինել, ծանոթ լինել նրա լեռների դիրքի և բնավորության հետ, այն ժամանակ հեշտ կլինի հասկանալ, թե յուրաքանչյուր հնչյուն ինչպես է տարածվում, որպիսի արձագանքներ է արձակում։ Լավ ականջ դրեցեք, թնդանոթների ձայնը բոլորովին բերդի դրսից է գալիս, բայց մեզ այնպես է թվում, որ բերդի ներսիցն է։

— Ուրեմն Բեկը և Մխիթար սպարապետը հարձակում են գործում առանց մեզ իմացում տալո՞ւ։

— Նրանք ինձ իմացում տվեցին։

— Ե՞րբ։

— Մի քանի րոպե նրանից հետո, երբ դու բաժանվեցար ինձանից և սկսեցիր դիմել դեպի ականը։

— Իսկ մեր շարժման մասին տեղեկություն ունե՞ն։

— Իհա՞րկե, ունեն, ես հենց նրանց ուղարկված սուրհանդակների բերանով տեղեկություն տվեցի։

— Հիմա հասկանում եմ, որ սյունեցու ականջները ուրիշ տեսակ կազմված են, քան թե մեզ նման մեղավորներինը․․․ — պատասխանեց հեգնությամբ իշխանը։ — Այսուամենայնիվ, այդ ավերակների մեջ մենք երկար սպասելու գործ չունենք․ շտապենք, եթե չենք ցանկանում, որ խեղճ հայերի թաղը դրանց նման ավերակ դարձնեն։ Բեկը կամ Մխիթար սպարապետը հեշտությամբ բերդը մտնել չեն կարող։ Իսկ մենք բերդի միջումն ենք։ Մենք պետք է բաց անենք նրանց առջև դռները։

Վիճաբանությունը դադարեց։ Այդ խոսքերից հետո կարգադրեցին իրանց գործողության եղանակը, թե որը ո՜ր կողմով պետք է առաջ գնա։ Զինվորները երեք մաս բաժանվեցան․ մեկ մասին պիտի առաջնորդեր Ավթանդիլ գնդապետը տեր Ավետիքի հետ, մյուս մասին պետք է առաջնորդեր Մելիք-Փարսադանը, իսկ երրորդ մասին՝ Բայինդուրը։