Էջ:Րաֆֆի ԵԺ հ6.djvu/456

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


— Ովքե՞ր։

— Նրանք, որ հորս ծեծում էին։ — Ինչո՞ւ ընկավ հայրս, մայրիկ։

Թշվառ մայրը և անբախտ ամուսինը ոչինչ չգտավ պատասխանելու։ Նրանք հեռացան, անհետացան խավարի մեջ։ Խանը այլևս չէր լսում մոր և զավակի խոսակցությունը։

— «Թո՛ղ անիծվի այսպիսի խանը․․․» — մտաբերեց նա մոր բանադրանքը, և այդ ավելի դառն կերպով ազդեց նրա սրտին, քան այն բոլոր կրակները, որ թափում էր թշնամին։

Մթին, աղմկալի փողոցով անցավ նա հրապարակի վրա։ Այստեղ մարդիկ նույնպես վազվզում էին դեպի զանազան կողմեր։ Մի քանի փողոցներ խաչաձև կերպով կտրում էին հրապարակը։ Խանը չգիտեր նրանցից ո՜րը ընտրել։

— Հետ նայեցեք, խան, — ասաց նրա թիկնապահներից մեկը, — ամբողջ «Փոս-թաղը» այրվում է։

Խանը նայեց և ոչինչ չպատասխանեց։

— Այդ մարդիկ այնտեղից են փախչում, — ավելացրեց թիկնապահը։ — Տեսնո՞ւմ եք, նրանցից շատերը շալակած ունեն իրանց տնային կարասիները։

— Ո՞ւր են գնում, — հարցրեց խանը։

— Երևի, իրանք էլ չգիտեն․․․

Խանը ընտրեց խաչաձև փողոցներից մեկը և անցավ։ Այդ միջոցին հայտնվեցավ թշնամիների մի խումբ, որ միևնույն փողոցով գալիս էր ուղիղ նրա հանդեպ։ Նրանք այնքան մոտ էին, որ խանը մինչև անգամ լսում էր նրանց ձայները։

Խանը հետ դարձավ։ Բայց մի քանի քայլ հեռանալուց հետո նկատեց, որ ինքը մենակ է։ Նրա թիկնապահները կամ թողեցին նրան և փախան, կամ թշնամուն մոտից տեսնելով, շփոթվեցան և աչքից կորցրին իրանց տիրոջը։ Վերջինը ավելի հավանական էր։ Նա մնաց մենակ։ Իր բերդի, իր ժողովրդի մեջ մենակ մնաց նա։ Այլևս ոչ ոք չէր նայում նրա վրա։ Այժմ միայն տիրեց նրան տագնապի զարհուրանքը։ Բայց նա այնքան սրտի և կամքի ամրություն ուներ, որ բոլորովին չշվարեցավ, չհուսահատվեցավ։

Նա մտավ մի նեղ քուչա։ Աշխատում էր կրկին չհանդիպել թշնամուն։ Ամեն տնից, որ անցնում էր նա, լսում էր ցավալի ձայներ, հուսահատական աղաղակներ, լաց, արտասուք։ Մարդիկ, սարսափելի ճգնաժամի մեջ, չգիտեին որտեղ թաքցնել իրանց գլուխը։ Նա լսում էր ժողովրդի սուգն ու ողբը և անց էր կենում։