Էջ:Րաֆֆի ԵԺ հ6.djvu/467

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ժամանակ չհասկացավ, և եթե հասկացավ, բարկությունը, հպարտությունը, եսականությունը թույլ չտվեցին խոստովանել նրանց ճշմարտությունը։ Ա՛խ, եթե այժմ այստեղ լիներ այն մարգարեուհին։ Նա պատրաստ էր գրկել նրա ոտները, համբուրել, և նրա ոտների առջև խոստովանել, թե ինքը մարդկային ծնունդներից ամենաթշվառը և ամենահրեշավորն է։ Բայց նա չկար․ նրա փոխարեն գրկեց այն անուշահոտ բարձը, որի վրա գեղեցիկ գլուխը դրած, նա քնած էր այն գիշեր, — գրկեց, և իր երեսը սեղմելով նրա վրա, սկսեց թանալ դառն արտասուքներով․․․

Այդ ի՞նչ զգացմունք էր, ինչո՞ւ էր տանջվում․ ինչո՞ւ էր այնպես սպանված նա։ Այն րոպեում, երբ կորչում, ոչնչանում էին՝ փառք, մեծություն, իշխանություն, երբ նրա ամբողջ զորությունը խորտակվում էր թշնամու ուժի առջև, երբ իր կյանքն անգամ սոսկալի վտանգի մեջ էր, — նա ոչինչ չէր ափսոսում, ոչինչ չէր մտաբերում, մտաբերում էր միայն այն կնոջը, որը այնպես անխնա կերպով հանդիմանեց նրա գազանությունը թե՜ իր տան և թե՜ իր իշխանության մեջ։

Յոթն տարվա ստրկուհին մի անգամ միայն բաց արեց փակված լեզուն, մի անգամ միայն խոսեց ճշմարիտը ու արդարը, և միանգամից գրավեց իր բռնապետի սերն ու հարգանքը։ Բայց մի՞թե այդ հասկանում էր նա։ Նա ոչինչ չէր հասկանում, միայն զգում էր։

Նա զգում էր, որ սիրելի կնոջ ներկայությունը, նրա մի խոսքը, նրա մի ժպիտը կարող էր մխիթարել նրան, կարող էր փարատել նրա բոլոր թշվառությունները։ Բայց նա չկար։ Նրան կորցնելով, ամեն ինչ կորցրեց նա․․․

Նա գլուխը վեր բարձրացրեց աննման կնոջ բարձի վրայից, և սոսկալով վեր թռավ, որպես մի անարժան, անմաքուր էակ, որ չէ համարձակվում իր հպավորությամբ պղծել մի որևիցե սրբություն։ Կանգնեց ոտքի վրա։ Այժմ վայրենի կերպով նայում էր իր շուրջը և ականջ էր դնում։

Հրանոթների ձայնը սկսեց ավելի մոտից լսելի լինել։ Թշնամին մերձենում էր ամրոցին։ Բայց ի՞նչ էր մնացել այդ գեղեցիկ, հոյակապ շինվածքից։ Բոլորը լափեց կրակը։ Մնում էր միայն հարեմը — կնիկների ընտիր հավաքածուն։ Ամեն բան կարելի էր տալ թշնամու ձեռքը, իսկ այդ հավաքածուն — ո՜չ։

Մի փոքր հեռու, փողոցներում, կոտորածը դեռ շարունակվում էր։ Շուտով նույն բարբարոսությունը սկսվելու էր և այստեղ — կանանոցում։