մեզ մոտ բերած գազանների չար կորյուններն եք։ Դուք մեր աշխարհը ավերակ դարձրիք, իսկ Թաթարստանը, Մոնղոլստանը, Ավղանստանը լցրիք մեր երկրից տարած գերիներով։ Ես եթե ամբողջ օրերով խոսեի ձեզ հետ, դարձյալ չէի կարող ավարտել այն բոլոր բարբարոսությունների աղետավոր պատմությունը, որ դուք և ձեր նախնիքը կատարել եք մեր հայրենիքում։ Մեր կնիկներին, մեր աղջիկներին, մեր երեխաներին, մեր ընտիր տղամարդերին հազարներով լեցնում էիք աստուծո տաճարների մեջ, կրակ էիք տալիս և այրում էիք։ Ձեր պապերից մեկը կործանեց մեր սքանչելի մայրաքաղաքը՝ Անին․ այնքան կոտորել տվեց, որ փողոցների միջով արյան վտակներ էին վազում։ Բայց դրանով ևս չկշտացավ գազանը, հրամայեց մորթել հազարավոր ծծկեր երեխաներ, նրանց արյունով լցրեց մի ահագին լճակ, մտավ այդ լճակի մեջ լողացավ, որ դրանով գովացնե սրտի բարկությունը։ Ձեր բարբարոսությունը, բացի մարդիկներից, տարածվեցավ և մեր երկրի վրա։ Մեր երկիրը մի ծաղկյալ դրախտ էր, բուսացանում էր աստուծո շնորհած բոլոր բարիքները։ Բայց դուք նրան բոլորովին անապատ դարձրիք։ Միջին Ասիայի տխուր անապատների նման, որտեղից դուրս էին եկած ձեր նախնիքը։ Մեր հարուստ քաղաքները կործանեցիք, մեր շեն գյուղերը ավերակ դարձրիք, մեր վաճառականությունը, մեր արհեստը, մեր ճարտարությունը ոչնչացրիք և ամեն տեղ տարածեցիք աղքատություն ու սով։ Դո՜ւք, անապատի զավակներ, սիրում եք անապատ, ամայություն, և մահացություն։ Ձեր համար անտանելի է ծաղկյալ կյանքը, մարդկային երջանիկ բարօրությունը և աշխատասեր ժողովրդի արդյունավոր գործունեությունը։ Դուք սիրում եք իշխել միայն ավերակների վրա։ Ամեն ինչ, որ լավ էր, ամեն ինչ, որ օգտավետ էր, դուք խլեցիք մեզանից, իսկ փոխարենը տվեցիք մեզ ձեր վայրենությունը, ձեր անկրթությունը։ Եվ այժմ զարմանում եք, որ մենք վարվում ենք ձեզ հետ միևնույն եղանակով, ինչպես դուք վարվել եք մեզ հետ հազարավոր տարիների ընթացքում։ — Հիմա հասկանում եք, որ դուք ինքներդ այդպես դաստիարակեցիք մեզ, որ դուք ինքներդ սովորեցրիք մեզ անգթությունը։
— Հասկանում եմ․․․ — պատասխանեց վեզիրը։ — Բայց որդին ինչո՞վ է մեղավոր, որ տուժե իր պապերի հանցանքների համար։
— Որդին մեղավոր չէր լինի, եթե ինքն էլ միևնույն կերպով չգործեր, եթե ինքն էլ չշարունակեր իր պապերի բարբարոսությունը, — ասաց սրբազանը։ — Դուք չփոխվեցաք, դուք մնացիք