Jump to content

Էջ:Րաֆֆի ԵԺ հ6.djvu/474

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

— Այդ քաղաքները այլևս չէր այրի կրակով, — պատասխանեց սրբազանը։

— Ես բոլորովին համաձայն եմ ձեզ հետ։ Մեր նախնիքը և մենք նույնպիսի հանցավորներ ենք եղել, որպես Սողոմի և Գոմորի չարագործները։ Բայց եթե մի մարդ եղել է այդ բերդի մեջ արդարադատ, ճշմարտասեր և գթած դեպի տառապյալները, մի՞թե դուք այդ մարդու համար չէիք խղճա մյուսներին։

— Ո՞վ է այդ մարդը։

— Նա, որ խոսում է ձեզ հետ։

Սրբազանը մտածության մեջ ընկավ։ Վեզիրը առաջ տարավ իր խոսքը․

— Ես ձեզ չեմ խաբում, սրբազան, և խաբելու սովորություն երբեք չեմ ունեցել։ Դուք կարող եք տեղեկանալ բոլոր հայերից, որ բնակվում են այդ բերում, դուք կարող եք հարցնել բոլոր հայ գյուղացիներին, որ գտնվում էին մեր իշխանության ներքո։ Ես եղել եմ միշտ ողորմած դեպի այդ ժողովուրդը, որովհետև իմ նախնիքը նույնպես հայեր են եղել և մեր ընտանիքի մեջ դեռ պահպանել են այդ ազգի բարոյականության նշույլները։ Ես, իբրև վեզիր, միշտ աշխատել եմ մեղմացնել իմ բռնապետի անգթությունը, և որքան կարողացել եմ, ազատել եմ քրիստոնյաներին նրա կատաղությունից։ Ոչ թե նրա համար, որ ես մի առանձին համակրություն ունեի դեպի քրիստոնեությունը, ո՜չ, այլ առավելապես այն պատճառով, որ քրիստոնյաները մեզ համար լավ հպատակներ էին, մեր կաթնատու կովն էին, պետք էր խնամք տանել նրանց վրա։ Ես բավական փաստեր ունեմ իմ խոսքերի ճշմարտության մասին, բայց ավելորդ եմ համարում մի առ մի հիշել։ Շատ անգամ հայերի վերաբերությամբ իմ միջամտությունները, իմ բարեխոսությունները ենթարկել են ինձ իմ բռնապետի բարկությանը, մինչև անգամ պատժին։ Հենց այս գիշեր նա հրամայեց ինձ բանտարկել, և ինձ այս առավոտ հրապարակի վրա պիտի գլխատել տար, եթե հաջողությունները նրա կողմը լինեին։

Սրբազանը դարձյալ դժվարանում էր հավատալ նրա խոսքերի անկեղծությանը։ Վեզիրը մոտեցավ, բռնեց նրա փեշից և իր աղերսավոր աչքերը դարձնելով նրան, ասաց․

— Ընդունեցեք իմ աղաչանքը․ թող բարությունը և առաքինությունը վարձատրված լինի․ դրանով դուք կսովորեցնեք մարդիկներին բարի լինել։