ամուսինը դառնա։ Բայց մաջունները չօգնեցին, իմամը մեռավ, և օրիորդը թեև ազատվելով փտած ծերուկի կինը լինելուց, բայց նրա հայրը Ֆաթալ խանի հետ իր հարաբերությունները միշտ բարեկամական պահելու համար, իր աղջկան տվեց նրա եղբայր Աղասի խանին։ Դրանով նրա աստիճանը բարձրացավ, բացի մելիքությունից, ստացավ խանի մոտ նազիրի պաշտոնը։
Երբ Դավիթ բեկը հայտնվեցավ, Սյունյաց աշխարհի պետերից երկու մարդ միայն չմիացան նրա հետ․ մեկը Տաթևի մելիք Դավիթ ուրացողը, մյուսը, Արծվանիկի մելիք Ֆրանգյուլ ուրացողը։ Երկուսն էլ Ֆաթալի խանի գործիքները, նրա չար արբանյակներն էին։ Մելիք Դավիթ ուրացողի վախճանը մեր ընթերցողներին հայտնի է։ Դավիթ բեկը նրան գլխատել տվեց․ նրա ամբողջ ընտանիքը Սատանի-կամուրջից[1] ածել տվեց Որոտնա գետի մեջ։ Նրա որդի Շահ-Կուլին, կռվի դաշտից փախչելու ժամանակ, Տանձատափ[2] գյուղում սպանվեցավ մի կնոջ ձեռքով։ Մնում էր մելիք Ֆրանգյուլը։
Զեվու բերդի գրավումից երկու օր հետո, այդ մարդը, իր ամրոցի սենյակներից մեկի մեջ, անհանգիստ կերպով անցուդարձ էր անում։ Գիշեր էր։ Սենյակի դռան հանդեպ կանգնած էր մի այլ մարդ մռայլոտ կերպարանքով և ճանապարհի հագուստով։ Երևում էր, որ նա հենց նոր վերադարձել էր իր ուղևորությունից։ Այդ մարդուն կոչում էին քեչալ Համբարձում․ նա մելիքի գզիրն էր։
— Ուրեմն այդպե՞ս, բերդը առեցին․․․ — խոսեց մտահույզ մելիքը, շարունակելով իր անցուդարձը։ — Հետո ի՞նչ արեցին։
— Հետո ի՞նչ պետք է անեին, — պատասխանեց քեչալը ծիծաղելով․ — կարո՞ղ եք երևակայել, թե ինչ կանեին․ մարդիկներին կոտորեցին, տները այրեցին, խանին իր ամրոցի հետ թռցրին օդի մեջ․ հիմա Զեվուն, նայեցեք, այսպես է դարձել։ — Վերջին խոսքերի միջոցին նա բաց արեց իր ափը, ցույց տալու համար, թե բերդի տեղը նրա ափի նման հարթ հավասար է դարձել։
— Շա՞տ են կոտորել։
— Ավելի քան չորս հազար հոգի։ Բոլորին կկոտորեին, եթե խանի վեզիրը և Ներսես սրբազանը չմիջնորդեին Բեկի մոտ։
- ↑ Սատանի-կամուրջը գտնվում է Որոտնա գետի վրա, հեռու է Տաթևի վանքից մեկ ժամու ճանապարհով․ նա կոչվում է Սատանայի կամուրջ այն պատճառով, որ բնական կերպով կազմված է հետզհետե աճող ստալակտիտներից։ Կամուրջի մոտ կա մի աղբյուր, որ պարունակում է իր մեջ կրային բաղադրություն, նրա ջրի քարանալուց կազմվել է կամուրջը։
- ↑ Տանձատափը գտնվում է Տաթևի վանքի հրանդեպ։