Էջ:Րաֆֆի ԵԺ հ6.djvu/504

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


Վերջին խոսքերի միջոցին նա կրկին համբուրեց սրբությունները, և ձեռքը դնելով նրանց վրա, հանդիսավոր կերպով երդվեցավ։

— Բայց ես չի՞ պիտի գիտենամ, թե ինչ է գրված նամակի մեջ, — հարցրեց քահանան։

— Դուք չի պիտի գիտենաք․ այդ մի գաղտնիք է։ Ես ձեզ ուղարկում եմ Թորոս իշխանի մոտ իբրև վկա, որ ձեր ականջով լսեցիք իմ երդումը և ձեր աչքով տեսաք, թե որպես ես քրիստոնեական ջերմեռանդությամբ համբուրեցի այդ սրբությունները։ Ես զղջում եմ իմ հին հանցանքների համար, տեր հայր, և գլուխս խոնարհեցնելով ձեր առջև, որպես մի ապաշխարող, խոստովանում եմ, որ ես միշտ եղել եմ հոգով և սրտով քրիստոնյա, միայն հանգամանքները ստիպել են ինձ թաքցնել իմ հավատը։ Օրհնեցեք ինձ, տեր հայր, թող ձեր օրհնությունը սրբե իմ գործած ակամա մեղքերը․․․

Քահանան, ձեռքը դնելով նրա գլխի վրա, օրհնեց նրան։ Մելիքը ասաց․

— Հիշո՞ւմ եք, տեր հայր, մի քանի րոպե առաջ ձեր ասած պատիժը, որ գրված է սուրբ Ավետարանի մեջ, խոստովանությունը ուրիշներին հայտնող քահանաների մասին։

— Հիշում եմ, ինչպես չէ, նրանք գլուխները ցորենի հատիների նման ահագին երկանաքարի տակ կաղան։

— Դուք պետք է գաղտնի պահեք իմ քրիստոնեության խոստովանությունը, կարող եք հայտնել Թորոս իշխանին միայն, եթե նա ձեզանից հարցնելու լինի։

— Այդ մասին միամիտ կացեք, — ասաց քահանան։

Թեև տեր հորը մինչև այնօր չէր պատահել մի այսպիսի նորաձև խոստովանություն, մի այսպիսի նորաձև երդման վկա լինել, բայց շատ անգամ լսել էր, որ մեծ մարդիկ սովորություն ունեն ուղարկել միմյանց մոտ կնքված սրբություններ, որպես առհավատչյա իրանց երդման և ուխտադրության։ Այդ սովորությունը ունեին մինչև անգամ մահմեդականները։ Բայց ինչ որ վերաբերում էր նամակի բովանդակությանը, այդ մասին շատ հետաքրքիր չեղավ նա, բավական համարելով մելիքի խոսքը, թե դա մի գաղտնիք է։

— Ե՞րբ պետք է տանել, — հարցրեց քահանան։

— Հենց այս րոպեիս։ Այնքան ստիպողական է, որ չէ կարելի հետաձգել։