Էջ:Րաֆֆի ԵԺ հ6.djvu/529

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

մասին, և ի՜նչ խորհուրդներ տվեց նրան, որոնք դժբախտաբար ընդունելություն չգտան։

— Ես գուշակություններին շատ փոքր եմ հավատում, — ասաց ներքինապետը, — դուք ինձ այն ասեցեք, թե ինչո՞վ կարողացաք հասկանալ, որ այսօր խանը հաղթող կհանդիսանա, իսկ մի քանի օրից հետո կրկին կռիվ կլինի, որի մեջ նա կհաղթվի։

— Այդ բոլորը հասկանալու համար, — պատասխանեց դերվիշը, — ոչ կախարդություն և ոչ էլ գերբնական գիտություններ պետք են, այլ հարկավոր է փոքր-ինչ առողջ դատողություն ունենալ։ Եթե դուք կարդացած լինեիք մելիք Ֆրանգյուլի խանին գրած նամակները, միևնույն նախագուշակությունները կանեիք։

— Մելիք Ֆրանգյուլի նամակնե՞րը․․․ — գոչեց ծերունին սարսափելով։ — Ինչպե՞ս հաջողվեցավ ձեզ կարդալ այդ չարագործի նամակները։

Դերվիշը այնքան մտերիմ էր ներքինապետի հետ և այնքան հարգում էր նրա բարեկամությունը, որ ոչինչ չծածկեց նրանից և միըստմիոջե պատմեց, թե ի՜նչ հանգամանքներից օգուտ քաղելով, կարողացավ կարդալ նամակները։ Հետո հաղորդեց նրան նամակների բովանդակությունը, որից պարզ երևում էր, թե որպիսի խաբեությամբ հայոց զորքերին պետք է որոգայթի մեջ ձգեին։

— Հիմա հասկանում եմ․․․ — ասաց ներքինապետը հոգվոց հանելով․ — դուք այդ նամակների բովանդակությունից կարող էիք նախագուշակել այսօրվա կռվի աղետալի վախճանը։ Բայց ինչո՞վ եք իմանում, որ հետո մի ուրիշ կռիվ կլինի, որի մեջ խանը կհաղթվի։

— Այդ շատ հեշտ է իմանալ․ այսօրվա կռվի մեջ խանի զորքերի հաջողությունը պետք է վերաբերել մելիք Ֆրանգյուլի դավաճանությանը։ Իսկ հետո, շատ հասկանալի է, որ Բեկը ավելի լավ պատրաստությամբ զորքեր կուղարկե և նրանք կջարդեն մահմեդականներին։

— Այդ բոլորը շատ հավանական է, — ասաց ներքինապետը։ — Բայց դեռ ուշ չէ, կարելի է այսօրվա չարյաց առաջը առնել։ Իսկ ես բոլորովին չվարած եմ, խելքս համարյա գլխումս չէ։ Դուք իմաստուն մարդ եք, դերվիշ, մի խորհուրդ տվեցեք, արդյոք ինչո՞վ կարող ենք վտանգը հեռացնել։

— Դուք դեռ չեկած, ես դրա վրա էի մտածում, — պատասխանեց դերվիշը։ — Բայց մի՞թե դուք մինչև այսօր չէիք նկատում