Էջ:Րաֆֆի ԵԺ հ6.djvu/538

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ
ԼԵ

Ֆաթալի խանը նույնպես վիրավորված էր։ Մելիք Ֆրանգյուլը կռվի դաշտից նրան համարյա ձեռքի վրա տարավ մինչև իր ամառանոցը։ Երբ վիրաբույժները հավաքվեցան, քննեցին վերքը և հայտնեցին, որ վտանգավոր չէ, այն ժամանակ միայն մելիք Ֆրանգյուլը հանգստացավ, և արտասուքը սրբելով, աստծուն փառք տալով, հեռացավ հիվանդի մահճի մոտից։

Երկու օր էր, որ նա իր տանը չէր եղել․ շտապում էր տուն գնալ, որ իր բարեկամների հետ տոնե իր այն օրվա անարգ հաղթությունը։ Նրա սև ջորին, երկու շաթրները, գզիր Համբարձումը, խանի ամառանոցի դռանը կանգնած, սպասում էին նրան։ Նա դուրս եկավ, նստեց ջորու վրա և դիմեց իր ամրոցը, որ շատ հեռու չէր։

Գիշերից բավական անցել էր։ Լուսինը երբեմն մտնում էր ամպերի կտորտանքի տակ և ավելի թանձրանում էր գիշերային խավարը, իսկ երբեմն դուրս էր գալիս և իր գունատ լույսը թափում էր լեռների, բլուրների մթին կատարների վրա։ Ձորերը մնում էին խավարի մեջ․ նրանց մեջ արևի լույսն անգամ չէ թափանցում։

Մելիք Ֆրանգյուլը բախտավոր, և իր ըղձալի նպատակին հասած մարդու անսահման բերկրությամբ, քշում էր իր ջորին։ Նրա առջևից և ետևից գնում էին երկու անբաժան շաթրները, իսկ կողքից գնում էր գզիր Համբարձումը։ Ճանապարհը դարիցած էր և սաստիկ քարքարոտ։ Ջորին որքան և սովոր էր լեռնային երկրի խոչընդոտներին, դարձյալ դժվարությամբ էր կարողանում ոտք փոխել։ Երբեմն իր երկար, կախ ընկած ականջները ցցում էր նա, և խրտչելով հետ-հետ էր քաշվում։ Ի՞նչեր էին երևում նրա աչքերին, հայտնի չէր։ Եթե նա Բաղաամի էշի նման մարդկային լեզվով խոսեր, գուցե մի բան կասեր։ Բայց գզիրը նրա խրտչելի պատճառը բացատրեց նրանով, որ ճանապարհի աջ և ձախ կողմերում բարձրացած ծառերի, թուփերի և մացառների միջից երբեմն երկչոտ նապաստակն էր վազում, երբեմն կիսաքուն թռչունն էր թռչում, վախեցնում էին հիմար անասունին։

— Այդպես է, — ասաց մելիքը, — իմ ականջներին էլ, կարծես թե, մի քանի անգամ խշխշոցի ձայներ դիպան այդ ծառերի միջից։

Թե այսպես, թե այնպես, ընթացքը բավական դանդաղ էր առաջ գնում, և այդ առիթ էր տալիս մելիքին խոսել իր գզիրի հետ։

Երբ մարդիկ սաստիկ ուրախ են և լավ տրամադրված, խոսակիցների