Էջ:Րաֆֆի ԵԺ հ6.djvu/541

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


ամառանոցից և մոտեցել էին Արծվանիկ ավանին։ Նա դեռ մտածում էր «պատվական որսի» վրա, որից զրկվելը, իրավ որ, նրա վրեժխնդիր, չարությունից անհագ սրտի համար մեծ կորուստ էր։ Այդ միջոցին նրա ուշադրությունը գրավեց մի երկայն, սպիտակ ստվեր, որ հեռվից ուրվականի նման հանկարծ աչքի ընկավ և կրկին անհայտացավ խավարի մեջ։

Ջորին դարձյալ ցցեց իր ականջները, և սարսափելով դեպի այն կողմը նայեց։ Բայց մելիքը այդ երևույթը վերաբերեց իր փոքր-ինչ գրգռված երևակայությանը և կրկին սկսեց խոսել «պատվական որսի» վրա։

— Այս անգամ ազատվեցավ նա․․․ եթե մի անգամ էլ իմ ձեռքը ընկնելու լինի, ես գիտեմ, թե ինչ կանեմ․․․

— Ահա ես․․․

Լսելի եղավ մի ձայն, և մի մարդ թուփերի միջից կայծակի նման դուրս պրծնելով, արձանացավ մելիքի առջև։ Այդ ձայնի հետ ճայթեց մի ատրճանակ և գնդակը ուղիղ անցավ դավաճանի կուրծքի մեջ։ Նա մի կողմ թեքվեցավ և գլուխը քարշ ընկավ սև ջորու կողքից, որովհետև ոտները ասպանդակներից իսկույն չդուրս եկան։ Ջորին այժմ ավելի ազդու պատճառ ուներ խրտչելու, սկսեց վազ տալ և իր մեջքից քարշ ընկած տիրոջ գլուխը զարկել քարերին․․․

Մելիքի երկու անբաժան շաթրիները ենթարկվեցան նրա վիճակին․ երկու ուրիշ տղամարդիկ, նույն թուփերի միջից դուրս գալով, սրերի հարվածների տակ նրանց ցած գլորեցին։ Իսկ գզիրին բռնեցին։

— Սպասեցեք, դրան դեռ թողեցեք, — հրամայեց առաջինը, և մոտենալով զգիրին՝ հարցրեց․

— Ճանաչո՞ւմ ես ինձ։

— Ճանաչում եմ․ դուք Գենվազի իշխան Ստեփաննոս Շահումյանն եք, — պատասխանեց նա լրբաբար։ — Հենց այս րոպեիս մելիքի հետ ձեզ վրա էինք խոսում․․․

— Դո՞ւ էիր, որ խաչն ու Ավետարանը բերեցիր մեր բանակը մեզ խաբելու համար։

— Այո՜, ես էի․ և դուք այնքան միամիտ գտնվեցաք, որ խաբեցաք։

— Այժմ ինչո՞վ վարձատրեմ քո այդ ծառայությունը։

— Այդ սրով։

Նա ձեռքը մեկնեց դեպի իշխանի սուրը։