Էջ:Րաֆֆի ԵԺ հ6.djvu/71

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

— Իմ իշխանը հիշու՞մ է, որ մի պարտք ունի ինձ վճարելու։

— Ի՞նչ պարտք, — հարցրեց նա զարմանալով։

Սյուրին հիշեցրեց նրան հին խոստմունքը։

— Այդ ես չեմ մոռացել, — ասաց խանը ժպտելով, — ես մեղավոր չեմ, որ քո առջև վատ պարտական գտնվեցա, դու առհասարակ անհոգ ես քո ապառիկների վերաբերությամբ։ — Հիմա խնդրիր, ինչ որ կամենում ես, ես իմ խոստմունքը պատրաստ եմ կատարելու։

— Ես քեզանից մեծ բան չեմ խնդրելու, — պատասխանեց Սյուրին, տակավին անշարժ մնալով իր չոքած դրության մեջ, — ես եկա խնդրելու, որ ազատես հայ գերիներին և Թորոս իշխանին ձեռնունայն հետ չդարձնես։

— Ա՛․․․ այդ շատ մեծ բան է քո խնդրածը․․․ — պատասխանեց խանը զարմացական բացականչությամբ, և նրա փոքր-ինչ մեղմացած դեմքը կրկին մռայլվեցավ սովորական խստությամբ։ — Դու կամենում ես ինձ կորցնել տալ մելիք Վարթանեսի ամբողջ գանձը։

— Ի՞նչ գանձ։

Խանը սկսեց պատմել նրան բոլորը, ինչ որ լսել էր նրա հորից և մելիք Ֆրանգյուլից առասպելական գանձի մասին, ավելացնելով, թե մեծ հիմարություն կլիներ իր կողմից մի այսպիսի ահագին կողոպուտը ձեռքից բաց թողնել, մանավանդ, որ ինքը փողի շատ հարկավորություն ունի։

Սյուրին պատասխանեց, թե ինքը երբեք հանձն չէր առնի ձանձրացնել իր «իշխանին» անտեղի խնդիրքով և երբեք չէր ցանկանա զրկել նրան իր շահերից, եթե գիտենար, որ այդ երևակայական գանձը գոյություն ունի։ Բայց նա այդ բոլորը զրպարտություն է համարում, թեև հաղորդողներից մեկը իր հայրն է։

— Ուրեմն ի՞նչ նպատակ ունեին նրանք խաբելու ինձ, — հարցրեց խանը խորին վրդովմունքով։

— Նպատակ ունեն․․․ — պատասխանեց Սյուրին զգալի խռովությամբ, — և նրանց նպատակը ինձ լավ հայտնի է, բայց այժմ անհարմար եմ համարում հաղորդել ձեզ, հուսալով, որ իմ իշխանը կհավատա, որ իմ աղախինը սուտ խոսող չէ։

Այս խոսքերը արտասանեց նա այնպիսի մի զգացմունքով, որ ազդեց խանի քարացած սրտի վրա, և նա բռնելով իր առջև չոքած գեղեցիկ կնոջ թեքից, կրկին նստեցրեց իր մոտ, ասելով․

— Ես կկատարեմ քո խնդիրքը։