Էջ:Րաֆֆի ԵԺ հ6.djvu/77

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Մելիք Դավիթը հասկացավ բոլորը, դա անիծված Սյուրին պիտի լիներ, որ այս անգամ ևս խոչընդոտ դրեց հոր ձեռնարկության առջև, որ այս անգամ ևս ոչնչացրեց նրա բոլոր հույսերը։ Կատաղությունը, վրեժխնդրությունը իր ամբողջ դժոխային վրդովմունքով լցրին թշվառ հոր սիրտը։ Նա այնքան մեծ ակնկալություններ ուներ իր աղջկանից, նա հավատացած էր, որ Սյուրին կլինի մի լավ միջնորդ, մի լավ բարեխոս իր և խանի մեջ, և կաշխատե կատարել հոր բոլոր ցանկությունները, իսկ այժմ հակառակն էր տեսնում։ Խաբված հույսը ավելի զայրացնում էր նրան։ Նրան հայտնի էին բոլոր պատճառները, թե ինչո՞ւ Սյուրին այսպես էր վարվում։ Նա ծախեց իր աղջկան, վաճառեց նրան փառք և իշխանություն ստանալու համար։ Նա խլեց նրան քրիստոնեական ընտանիքից և ձգեց մահմեդական հարեմի ապականության մեջ և, որ ամենագլխավորն է, նա զրկեց աղջկան իր սիրած տղամարդից․․․ որ այժմ գտնվում էր միևնույն գերիների թվում․․․ և որի շղթաները կամենում էին ավելի ծանրացնել, և եթե հնար կլիներ, նրա կյանքին մահ նյութել․․․ Անգութ, անողորմ փառասերը կարծում էր, թե կարող կլինի խեղդել բնության ձայնը իր սիրող դստեր մեջ, կարծում էր, թե պարսկական փակված հարեմի խլության մեջ բոլորը կմոռանա նա, ինչ որ առաջ այնքան թանկագին, այնքան մոտ էր նրա սրտին։ Նա չէր կարծում, թե հայ ընտանիքի ստրկացած դստեր մեջ կարող է լինել այս աստիճանի կամքի և բնավորության հաստատություն։ Նա չէր մտածում, որ Սյուրիի այժմյան կյանքի պայմանները կարող էին նրան ավելի խելամուտ դարձնել և ավելի ջերմ կերպով բորբոքել նրա սրտում կորցրած տղամարդի սերը։

Մելիք Ֆրանգյուլի արծվի տեսությունից անհայտ չմնաց իր գործակցի խռովությունը․ նա տեսավ, թե որպես այդ սառնասիրտ և անագորույն մարդը շփոթության մեջ ընկավ, երբ լսեց սպասավորի բերած համբավը։ Բայց ինքը չէր հավատում, որ խանը փոխած լինի իր միտքը, նա ավելի հավանական էր համարում, որ խանը կընդունե Թորոսի բերած ընծաները, կխոստանա վերադարձնել գերիներին, իսկ հետո կհրամայե նրան բանտարկել, և կպահանջե նրանից մելիք Վարթանեսի գանձերը։ Ի՞նչ կարող են անել իշխանի բերած երկու հարյուր ձիավորները և քսանևհինգ թիկնապահները, որոնց առջև կանգնած են նույն թվով զինված պարսիկներ։ Շատ-շատ հայերի և պարսիկների մեջ կռիվ կըկնի, մարդիկ կսպանվեն, բայց դարձյալ Թորոսը կմնա խանի ձեռքում։