Էջ:Րաֆֆի ԵԺ հ6.djvu/83

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ազգատոհմը․ նա խրատում էր մոռանալ հայրենական կորցրած երկիրը, որ իր ձեռքումն էր գտնվում։

Պատանի Ստեփաննոսը իր աչքերը դարձրեց դեպի վրանի առջևի հրապարակը, որի վրա միմյանց հանդեպ կանգնած էին երկու շարք ձիավորներ` հարոց և պարսից։ Յուրաքանչյուր շարքը զուգահեռաբար ձգվում էր, որպես մի ուղիղ պարիսպ կազմված զինված ձիավորներից։ Թե՜ հայերը և թե՜ պարսիկները, հրացանները պատրաստ ձեռներին բռնած, լուռ և կասկածավոր կերպով նայում էին միմյանց երեսին։ Արեգակի ճառագայթները շողշողում էին փայլուն զենքերի վրա և լուսավորում էին անթիվ գլուխներ սև փափախներով, որոնք միախառնվելով, ձևացնում էին մի տեսակ մթին, լայնատարած զանգված։ Նա երեսը շուռ տվեց և հարցրեց Թորոսից։

— Մենք երկա՞ր պիտի մնանք այստեղ։

— Ոչ, — պատասխանեց իշխանը լռությամբ, — շուտով կհեռանանք։

Խանը հասկացավ, որ նրանք աճապարում են, հրամայեց շուտով ճաշի սեղանը պատրաստել։

— Դուք, — ասաց նա դառնալով իր հյուրերին, իմ աղուհացը անպատված կլինեք, եթե ինձ հետ չճաշեք։ Ձեզ սեղանակից կլինեն և երկու հարգելի հյուրեր` մելիք Ֆրանգյուլը և Բաղր բեկը։

Լսելով այդ երկու գարշելի անունները, թե՜ իշխանը և թե՜ պատանին երկուսն էլ վեր կացան, հայտնելով, թե չեն կարող սեղանակից լինել այնպիսի անազնիվ և զզվելի մարդկանց հետ։ Խանը նկատելով այդ, կատակի ձև տվեց իր առաջարկությանը, ասելով․

— Տեսնո՞ւմ եք, սուտ չեն ասում, թե հայերի մեջ միաբանություն չի լինի։

— Շների հետ չեն միաբանվում, խան, — պատասխանեց իշխանը փոքր-ինչ բարկացած ձայնով։ — Այսպիսի ցած խաբեբաները, այսպիսի անամոթ ստախոսները, այսպիսի անարգ դավաճանները ձեզ մոտ միայն կարող են շնորհ գտնել, իսկ ես նրանց զզվելի երեսը տեսնել չէի ցանկանա։

Որքան և վիրավորական լինեին իշխանի խոսքերը, դարձյալ խանը իրան զսպեց և ոչինչ չպատասխանեց։ Նրան ի՞նչ վնաս երկու հայ մելիքների ցած, անամոթ, դավաճան լինելը, երբ նրանց խաբեությունից և դավաճանությունից միշտ օգուտ էր քաղում նա։ Բայց ցանկանալով իր հյուրերին, որքան կարելի է, գոհունակ