Էջ:Րաֆֆի ԵԺ հ6.djvu/87

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Իշխանը չկարողացավ իր հետաքրքրությունը զսպել և կասկածավոր կերպով հարցրեց․

— Այդ ի՞նչ կնիքներ են։

— Ինչո՞ւ եք զարմանում, — խոսեց խանը ժպտալով, — այն խոհանոցը, ուր պատրաստվում են ինձ համար կերակուրներ, գտնվում է մորս անմիջական հսկողության ներքո, նա սովորություն ունի իր ձեռքով ածել կերակուրները և իր կնիքով կնքած ինձ ուղարկել։

— Ինչո՞ւ համար։

— Ինչպե՞ս ինչու համար․ կերակուրները կարող են թունավորել։

— Ովքե՞ր։

— Կնիկները։ Մի՞թե կարելի է նրանց հավատալ, եթե ինձ հետ թշնամություն էլ չունենան, կարող են կաշառված լինել դրսից։ Անցյալ տարի փոքր էր մնում, որ ես պիտի մեռնեի, եթե ինձ չազատեր մի թավրիզեցի հայ բժիշկ։ Փլավի մեջ թույն էին խառնած, ես կերա առանց զգալու․ իսկույն սկսեցին աղիքներս կտրատվել։ Այն օրից մայրս արգելեց այդ քածերին իմ խոհանոցը մտնել, և կերակուրների սինին կնքված է ուղարկում ինձ, միգուցե սպասավորները նույնպես չարություն գործեն։ Ախար ամենն էլ այստեղ բարի պտուղներ չեն։

Խանը այնպես հասարակ կերպով էր խոսում իր ընտանեկան գաղտնիքների վրա, կարծես, այնտեղ մի սովորական բան լիներ թունավորելը, սպանելը։ Կնիկները, նրա կարծիքով, կյանքի ընկերներ չէին, այլ մի տեսակ անհավատարիմ առարկաներ, որ լավ չէին ծառայում, որոնց վրա հույս դնել չէր կարելի։

— Հայտնվեցա՞վ թունավորողը։

Հայտնվեցավ․ ես հրամայեցի անզգամին ձգեցին մի տոպրակի մեջ և խենջարներով ծածկեցին։

Պարսիկների մեջ հարեմական դրությունը կնոջ վերաբերությամբ պահպանվում էր և պատժի ժամանակ։ Դահիճը չպիտի տեսներ իր զոհի երեսը, այս պատճառով նրան սկզբից ձգում էին մի մեծ տոպրակի մեջ և բերանը կարում։ Գործողությունը կատարվում էր տոպրակի դրսից, երբ ամեն ինչ վերջացած էր, միևնույն արյունաթաթախ պատանի մեջ դիակը տանում թաղում էին։

Խանը մինչև անգամ պատմեց այն մանրամասնությունները, որ առիթ էին տվել այն «անզգամին» թունավորել իրան․ ասաց, որ նա մի հասարակ գյուղացի աղջիկ էր, մի օր որսորդության ժամանակ