Էջ:Քաջ Նազար.djvu/2

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է գալի, դողալով գիշերն անց է կացնում, մինչեւ լուսը բացւում է։ Նազարը խռոված պատի տակին արեւկող արած սպասում է, որ կնիկը գայ տուն տանի ու միտք է անում։ Ամառուայ շոգ օ՜ր՝ գազազած ճանճեր. ինքն էլ էնքան ալարկոտ, որ ալարում է քիթը սրբի— ճանճերը գալիս են սրա քիթ ու պռունգին վէր գալի, լցւում։ Որ շատ նեղացնում են՝ ձեռը տանում է երեսին զարկում։ Որ երեսին զարկում է՝ ճանճերը ջարդւում են, առաջին վէր թափում։

— Վա՛հ, էս ինչ էր․․․ մնում է զարմացած։

Ուզում է համրի թէ մի զարկով քանիսն սպանեց՝ չի կարողանում։ Մտածում է, որ հազարից պակաս չի լինիլ։

— Վա՛հ, ասում է, ես էսպէս տղամարդ եմ էլէլ ու մինչեւ էսօր չէմ իմացե՜լ․․․ Ես, որ մի զարկով կարող եմ հազար շունչ կենդանի ջարդել, էլ ի՞նչ եմ էս անպիտան կնգայ կողքին վէր ընկել․․․

Էստեղից վէր է կենում, ուղիղ գնում իրենց գիւղի տէրտէրի մօտ։

— Տէ՛րտէր, օրհնեա ի տէր։

— Աստուած օրհնի, որդի՛ս։

— Տէ՛րտէր, բա չես ասիլ էսպէս էսպէս բան։

Պատմում է իր քաջագործութիւնը ու հետն էլ յայտնում է, որ պէտք է իր կնգանից կորչի, միայն խնդրում է՝ իր արածը տէրտէրը գրի, որ անյայտ չմնա, ամէնքն էլ կարդան իմանան։ Տէրտէրն էլ, կատակի համար, մի փալասի կտորի վրայ գրում է․

Անյաղթ հերոս Քաջըն Նազար,
Որ մին զարկի ջարդի հազար,

Ու տալիս է իրեն։

Նազարս էս փալասի կտորը մի փէտի ծէրի ամրացնում է, մի ժանգոտած թրի կտոր կապում մէջքը, իրենց հարեւանի իշին նստում ու գիւղից հեռանում։ 

2.

Իրենց գիւղից դուրս է գալի, մի ճամբայ է ընկնում ու գնում։ Ինքն էլ չի իմանում թէ էդ ճամփեն ուր է տանում։

Գնում է, գնում, մին էլ ետ է նայում, տեսնում է՝ գիւղից հեռացել