Էջ:Քաջ Նազար.djvu/4

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հարսանքաւորները հետաքրքրւում են իմանան, թէ ո՞վ է էս տարօրինակ անծանօթը։ Ներքի ծէրից մինը բոթում է իր կողքի նստածին ու հարցնում, սա էլ իր կողքի նստածին է բոթում, էսպէս հերթով իրար բոթելով ու հարցնելով բանը մնում է վերի ծէրին նստած տէրտէրին։ Տէրտէրը մի կերպով ղոնախի դրօշակի վրայ կարդում է․

Անյաղթ հերոս Քաջըն Նազար,
Որ մին զարկի՝ ջարդի հազար։

Կարդում է ու զարհուրած յայտնում է իր կողքի նստածին, սա էլ իր կողքի նստածին, նա էլ երրորդին, երրորդը չորրորդին․ էսպէսով հասնում է մինչեւ դրան տակը ու ամբողջ հարսանքատունը դրմբում է թե՝ բա՜ չես ասիլ նորեկ ղոնախն է ինքը՝

Անյաղթ հերոս Քաջըն Նազար,
Որ մին զարկի՝ ջարդի հազար։

— Քաջ Նազարն է, հա՜․․․— բացականչում է պարծենկոտի մինը. ի՜նչքան է փոխուել, միանգամից լաւ չճանաչեցի․․․

Եւ մարդիկ են գտնւում, որ պատմում են նրա արած քաջագործութիւնները, հին ծանօթութիւնն ու միասին անցկացրած օրերը։

— Հապա ի՞նչպես է, որ էսպէս մարդը հետը ոչ մի ծառայ չունի, զարմանքով հարցնում են անծանօթները։

— Էդպես է դրա սովորութիւնը, ծառաներով ման գալ չի սիրում։ Մի անգամ ես հարցրի, ասաւ՝ ծառան ի՞նչ եմ անում, ամբողջ աշխարհքն իմ ծառան է ու իմ ծառան։ 

— Հապա ինչպէս է, որ մի կարգին թուր չունի, էս ժանգոտ երկաթի կտորն է մէջքին կապել։

— Շնորհքն էլ հէնց դրա մէջն է, որ էս ժանգոտ երկաթի կտորով մին զարկես ջարդես հազար, թէ չէ լաւ թրով, ի՞նչ կայ որ, սովորական քաջերն էլ են ջարդում։

Ու ապշած ժողովուրդը ոտի է կանգնում, խմում է Քաջ Նազարի կենացը։ Իրենց միջի խելօքն էլ դուրս է գալի ճառ է ասում Նազարի առաջ․ ասում է՝ մենք վաղուց էինք լսել քո մեծ հռչակը, կարօտ էինք երեսդ տեսնելու եւ ահա էսօր բախտաւոր ենք, որ քեզ տեսնում ենք մեր մէջ։ Նազարը հառաչում է ու ձեռքը