Էջ:Քաջ Նազար.djvu/5

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թափ է տալի։ Ժողովրդականները խորհրդաւոր իրար աչքով են անում, հասկանում են, թէ էդ հառաչանքն ու ձեռքի թափ տալը ինչքան բան կը նշանակէր․․․

Ու ցրվելով հարբած հարսանքաւորները տարածօւմ են ամէն տեղ, թէ գալիս է 

Անյաղթ հերոս Քաջըն Նազար,
Որ մին զարկի՝ ջարդի հազար։

Պատմում են նրայ զարմանալի քաջագործութիւնները, նկարագրում են նրայ ահռելի կերպարանքը։ Ու ամէն տեղ իրենց նորածին երեխաների անունը դնում են Քաջ Նազար։

4.

Հարսանքատանից հեռանում է Նազարն ու շարունակում է իր ճամբէն։ Գնում է հասնում մի կանանչ դաշտ։ Էս կանանչ դաշտում ձին թողնում է արածի, դրօշակը տնկում է, ինքն էլ դրօշակի շուաքումը պառկում քնում։

Դու մի՛ ասիլ՝ օխտը հսկայ եղբայրներ կան, օխտը աւազակապետ, էս տեղերը նրանցն են, իրենց ամրոցն էլ մօտիկ սարի գլխին է։ Էս հսկաները վերեւից մտիկ են տալիս, որ մի մարդ եկել է իրենց հանդում վէր է եկել։ Շատ են զարմանում, թէ էս ինչ սրտի տէր մարդ պէտք է լինի, քանի գլխանի, որ առանց քաշուելու եկել է իրենց հանդում հանգիստ վէր եկել ու ձին էլ բաց թողել։ Ամէն մինը մի գուրզ ունէր քառասուն լդրանոց։ Էս քառասուն լդրանոց գուրզները վերցնում են գալի։ Գալիս են ի՞նչ են տեսնում․ հրէս մի ձի արածում է, մի մարդ կողքին քնած, գլխավերեւը մի դրօշակ տնկած, դրօշակի վրէն գրած․

Անյաղթ հերոս Քաջըն Նազար,
Որ մին զարկի՝ ջարդի հազար։

Վա՜յ, Քաջ Նազարն է՜․․․ Մատները կծում են հսկաներն ու մնում են տեղները սառած։ Դու մի ասիլ հարբած հարսանքաւորների տարածած լուրը սրանց էլ է լինում հասած։ Էսպէս թուքները ցամաքած, չորացած սպասում են, մինչեւ Նազարն իր քունն առնում է ու զարթնում․ որ զարթնում է, աչքերը բաց է