Էջ:Քաջ Նազար.djvu/9

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է վերադառնում։ Ժողովուրդը յաղթական կամարներ է կապում, աննկարագրելի ոգեւորութեամբ, ուռաներով եւ կեցցէներով, երգով ու երաժշտութիւնով, աղջիկներով ու ծաղիկներով, պատգամաւորութիւններով ու ճառերով առաջն է դուրս գալի, էնպէս մի փառք ու պատիւ, որ Նազարը մնացել էր ապշած շշկլուած։

Էսպէս առքով-փառքով էլ բերում, հրատարակում են իրենց թագաւոր ու բազմեցնում են թագաւորի թախտին։ Քաջ Նազարը դառնում է թագաւոր, էն հսկաներից ամէն մէկին էլ մի պաշտօն է տալիս։ Մին էլ տեսնում է աշխարհքը իր բռան մէջ։

Ասում են մինչեւ էսօր էլ դեռ ապրում ու թագաւորում է Քաջ Նազարը։ Ու երբ քաջութիւնից, խելքից, հանճարից մօտը խօսք են գցում՝ ծիծաղում է, ասում է․

— Ի՜նչ քաջութիւն, ի՜նչ խելք, ի՜նչ հանճար․ դատարկ բաներ են բոլորը։ Բանը մարդուս բախտն է։ Բախտ ունե՞ս՝ քէֆ արա․․․

Եւ ասում են, մինչեւ էսօր էլ քէֆ է անում Քաջ Նազարը ու ծիծաղում է աշխարհքի վրայ։