Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/151

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

գրեր, որոնք պահվում են Վիեննայի ազգ. և Միլանի Ամբրոսյան գրադարաններում: Ջենովայում 1307-ին հայերը կառուցել են Ս. Բարդուղիմեոս վանքը և եկեղեցին (գոյատևել է մինչև 1650-ը): Վենետիկում 1348-ին հիշատակվում են հայկ. Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին և վանքը, 1434ին՝ Ս. Խաչ եկեղեցին (որը 1717-ից պատկանում է Մխիթարյան միաբանությանը): XIV դ. վերջին, ինկվիզիցիայի հալածանքների և հայերի բռնի կաթոլիկացման հետևանքով, հայկ. եկեղեց. կառույցներն անցել են տեղի կաթոլիկ եկեղեց. իշխանություններին: Հայաստանյայց առաքելական եկեղեցու Իտալիայի համայնքն իր այժմյան վիճակով ստեղծվել է 1900-ական թթ. սկզբին, Թուրքիայից և Մերձ. Արևելքի այլ երկրներից գաղթած հայերից, որոնք հաստատվել են Հս. Իտալիայի Միլան և շրջակայքի մեծ ու փոքր քաղաքներում: Համայնքի անդրանիկ հոգևոր հովիվ է կարգվել Եղիշե քհն. Պարսամյանը (1924–37): Նրա մահից հետո համայնքը մեկ ու կես տասնամյակ ունեցել է Փարիզից, Մարսելից, Վիեննայից հրավիրված այցելու հովիվ: Երկրորդ համաշխ. պատերազմի նախօրեին ստեղծվել է Իտալիայի հայոց միությունը, որի կանոնադրությունը պաշտոնապես վավերացրել է Իտալիայի կառավարությունը: 1950ական թթ. սկզբին հայերը կրոն. արարողությունների համար օգտագործել են Միլանի անգլիկան Ամենայն Սրբոց եկեղեցին: 1955ին Իտալիայի պետ. իշխանությունները Հռոմում նախագահական հրովարտակով ճանաչել են երկրում Հայ առաքելական եկեղեցու դավանանքին պատկանող հավատացյալների համայնքը և պաշտոնապես թույլատրել եկեղեցի կառուցել: Ներկայումս Միլանում գործող Իտալիայի միակ հայկ.՝ Ս. Քառասուն Մանկունք եկեղեցին կառուցվել է 1957-ին (ճարտ-ներ՝ Ռ. Իսրայելյան, Պ. Սուրյան), օծվել՝ 1958-ին: Հովվական պաշտոնի է հրավիրվել Երուսաղեմի Ս. Հակոբյանց միաբանության անդամ Զգոն եպս. Տեր-Հակոբյանը (1955–75): Սրան հաջորդել է Ժիրայր վրդ. Թաշճյանը (1975–77): Եկեղեցու բակում 1986-ին կանգնեցվել է խաչքար՝ ի հիշատակ 1915-ի եղեռնի զոհերի: Եկեղեցին, ըստ հոգևոր կանոնագրի, ունի համայնքի կողմից ընտրված հինգ հոգուց բաղկացած հոգաբարձուների խորհուրդ: Միլանում է գտնվում Հայ տունը:

ԱՐԵՎՈՐԴ.

150

Իտալիայի հայոց հոգևոր հովիվն է Սարգիս քհն. Սարգիսյանը (1977-ից): Ա լ բ ա ն ի ա յ ո ւ մ հայկ. եկեղեցի չկա: Հայ ընտանիքների հոգևոր մատակարարությունը կատարում են այցելու հովիվները: Պատկերազարդումը տես ներդիր II-ում, 2.7, 4-րդ և 2.8, 1–3-րդ պատկերները: ԱՐԵՎՈՐԴԻՆԵՐ, Ա ր ե վ ո ր դ ի ք, Հայաստանում և բյուզանդական Միջագետք (Մեսոպոտամիա) բանակաթեմում հիմնականում XI–XII դարերում տարածված քրիստոնեական աղանդ: Ըստ հայկ. աղբյուրների, Ա-ի գաղափարական նախահայր է համարվում մազդակյանների գաղափարախոս Խարգանի որդի մոգ Զրադաշտը (III դ.): Առաջին անգամ հիշատակվում են Գրիգոր Մագիստրոսի՝ հակոբիկ ասորիների կաթողիկոսին գրած նամակում: Արաբ. աղբյուրներում Ա. կոչվում են «շամսիյյա»՝ արևային: Նրանք ազգությամբ հայեր էին և ծառայում էին արաբ ամիրաների բանակներում: Ա-ի մասին ավելի մանրամասն հիշատակում է Ներսես Շնորհալին «Յաղագս Արևորդեացն դարձի» թղթում: Հայոց կաթողիկոսը հայտնում է, որ իր ժամանակ (1170-ական թթ.) Սամոսատ քաղաքում բնակվող արևորդիք կոչված աղանդավորները որոշել են հրաժարվել հերձվածի գաղափարներից ու հավատալիքներից և վերադառնալ Հայ եկեղեցու գիրկը, «զի որպէս ազգաւ և լեզուաւ ի տոհմէ հայոց են, յօժարին զի և հաւատով և հոգւով ի նոյն միաբանութիւն հաւասարեսցին ընդ նոսա»: Ըստ Ներսես Շնորհալու, Ա-ի աղանդը շատ հին է, գալիս է Գրիգոր Ա Լուսավորչի ժամանակներից, նրանց հավատալիքները կապվում են հեթանոս. պաշտամունքի հետ: Ա-ի պաշտած արեգակի տակ Քրիստոսն է ենթադրվել, և Քրիստոսին արեգակ են անվանել: Պաշտել են նաև շուշան ծաղիկը, բարդի ծառը, քանզի, ըստ Ա-ի, Քրիստոսի խաչի փայտը բարդուց էր: Մանիքեցիների (տես Մ անիքեություն) և պավլիկյանների դեմ բյուզ. եկեղեցու ընդունած «Նզովման բանաձևերում» գրված է. «Նզովում են Քրիստոսին արեգակ անվանողներին և արեգակին աղոթողներին»: Աղբյուրներում Ա-ի մասին վերջին անգամ հիշատակվում է XIV դ.: Մխիթար Ապարանցին վկայում է, որ Մանազկերտի շրջանում դեռևս կային ազգությամբ հայ արևապաշտներ, որոնք ոչ գիր, ոչ դպրություն ունեին, այլ իրենց գաղափարներն ուսուցանում էին նախնիներից պահպանված ավանդազրույցների միջոցով: