Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/203

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ

Հայաստանում քրիստոնեությունը պետ. կրոն հռչակելու 1700ամյակին նվիրված Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցին, որն Ամենայն հայոց երեք հայրապետների դրոշմն է կրում, կառուցվել է Վեհափառ հայրապետի անմիջական հոգածությամբ: 2000-ի հունիսի 26-ին Գարեգին Բ Ներսիսյանի հանդիսապետությամբ տեղի է ունեցել Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու խաչերի, 2001-ի սեպտեմբերի 23-ին՝ եկեղեցու օծումը: 1700-ամյա մեծ հոբելյանի տոնակատարության սկիզբը Վեհափառ հայրապետն ազդարարել է 2000-ի դեկտ. 31-ի տարեմուտի գիշերը Մայր աթոռ Ս. Էջմիածնում՝ «Լուսավորչի կանթեղը՝ ուղեցույց առ Աստված» նշանաբանով Գրիգոր Ա Լուսավորչի կանթեղի լույսից տարածված մոմավառությամբ: 2000-ի մարտին ՀՀ կառավարության և Հայաստանյայց առաքելական եկեղեցու միջև ստորագրվել է «Մտադրությունների հուշագիր», որը նոր ուղիներ է նախանշում եկեղեցի-պետություն փոխհարաբերությունների զարգացման համար: Հուշագրի շրջանակներում 2000-ի սեպտ. Մայր աթոռ Ս. Էջմիածնի և ՀՀ պաշտպանության նախարարության միջև ստորագրվել է ՀՀ զինված ուժերում Հայաստանյայց առաքելական եկեղեցու հոգևոր ծառայության կանոնադրությունը: Այդ փաստաթղթերով հստակեցվել և կանոնակարգվել է Հայոց բանակում հոգևոր ծառայության գործունեությունը: Գարեգին Բ կաթողիկոսը «Հայաստան» համահայկ. հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է, ՀԲԸՄ հոգաբարձուների խորհրդի պատվավոր անդամ: Նրան շնորհվել է Արցախի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում: Ընտրվել է Միջազգային ինֆորմատիզացիայի ակադեմիայի անդամ: Պարգևատրվել է Հորդանանի բարձրագույն Ա կարգի, «Բեթղեհեմ 2000», Ռումինիայի ազգ. բարձրագույն՝ «Ռումինիայի աստղ» շքանշաններով:

ԳԵՂԱՐԴ

ԳԵՂԱՐԴ, ս ո ւ ր բ Գ ե ղ ա ր դ , տ ե գ, սրբազան մասունք՝ կապված Հիսուս Քրիստոսի խաչելության հետ: Գ. մոտավորապես 15 սմ երկարությամբ տափակ կամ եռանիստ երկաթե տեգ է, որը, փայտի ծայրին ամրացվելով, ծառայել է որպես խոցող զենք: Հիսուսին խաչելուց հետո հռոմեացի զինվորներից մեկը տեգով (Գ-ով) խոցել է խաչի վրա մահացած

202

Հիսուսի կողը, որից «իսկույն արյուն և ջուր ելավ» (Հովհ. 19.33–34): Այդ օրվանից մահվան զենքը՝ Գ., դարձել է քրիստոնյաների համար սրբազան մասունք: Հայ եկեղեցու ավանդության համաձայն, Գ. 33-ին Հայաստան է բերել Թադեոս առաքյալը, և երկար ժամանակ այն պահվել է քրիստոնյա համայնքներում: 301-ին, երբ Հայաստանում քրիստոնեությունը պետ. կրոն է հռչակվել, Գ. դարձել է Հայ եկեղեցու սեփականությունը: Հիշատակություններ կան, ըստ որոնց, Հայաստանում կամ հարևան երկըրներում օգտվել են ս. Գ-ից՝ երկիրը և ժողովրդին օրհնելու, պատերազմից, աղետներից ազատելու համար: Ս. Գ. 500 տարի պահվել է Այրիվանքում, որը հետագայում, ի պատիվ Գ-ի, կոչվել է Գեղարդավանք: Հայոց կաթողիկոսները մյուռոնօրհնության ժամանակ Լուսավորչի Աջի հետ ս. Գ-ով ևս օրհնում են Մ յուռոնը: Ներկայումս Գ. պահվում է Ս. Էջմիածնի Մայր աթոռի թանգարանում: Գ-ի արծաթե մասնատուփը 1687-ին պատրաստել է Պռոշյան իշխանատան հետնորդ Դավիթ եպիսկոպոսը: Պատկերազարդումը տես ներդիր III-ում, 3.8, 3-րդ պատկերը: Եղիշե ավ. քհն. Սարգսյան

ԳԵՂԱՐԴԱՎԱՆՔ, Ա յ ր ի վ ա ն ք, ՀՀ Կոտայքի մարզի Գառնի գյուղից հյուսիս-արևելք, Ազատ գետի Գողթ վտակի ձորալանջին: Հիմնել է Գրիգոր Ա Լուսավորիչը IV դ. սկզբին, հեթանոս. սրբավայրի տեղում: Վանքի համար նախապես օգտագործել են բնական քարայրերը (այստեղից էլ՝ մենաստանի առաջին՝ Այրիվանք անունը): IV դ. Գ. է այցելել կաթողիկոս Ներսես Ա Պարթևը: Գ. եղել է կացարան կաթողիկոս Սահակ Ա Պարթևի համար: VIII դ. 1-ին կեսին Գրիգոր Գռզիկը դարձել է Գ-ի միաբան և ծավալել երաժշտ-ստեղծագործ. բեղմնավոր գործունեություն, հիմնել Այրիվանքի դպրոցը: Կաթողիկոս Հովհաննես Դ Ովայեցին, 841ին թողնելով հայրապետ. աթոռը, հաստատվել է Գ-ում: X դ. կաթողիկոս Հովհաննես Ե Դրասխանակերտցին, խուսափելով արաբ ոստիկանի հետապնդումից, ապաստանել է Գ-ում, ապա անցել Սևանի վանք: Արաբները 926-ին ներխուժել են Գ., գանձերի տեղն իմանալու համար տանջել միաբաններին, սպանել շատերին, կողոպտել վանքը (ներառյալ ձեռագրերը) և հրդեհել շինությունները: Սելջուկյան արշավանքներից հետո, XIII դ. կեսից Գ-ում կրոն. կյանքը վերակենդանացել է: