Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/261

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ուղղափառ կենցաղավարություն և աստվածապաշտական ճիգեր (գործնական հավատք). տեսական և գործնական հավատքի ճիշտ համադրությունը, ըստ եկեղեցու հայրերի, հոգևոր կյանքի և փրկության անհրաժեշտ նախապայմանն է: Դավանաբանության մեջ բարձրագույն հեղինակությունը վերապահված է տիեզեր. ժողովներին, որոնք Սուրբ Հոգու բացառիկ ներգործությամբ սահմանել են Քրիստոսի եկեղեցու ուղղափառ հավատքը: Տիեզերաժողովների կողմից ընդունվել են այսպես կոչված Հավատո հանգանակներ կամ նշանակներ, որոնք Դ-ի հակիրճ ձևակերպումներ են: Հավատո հանգանակը կոչվում է նաև Հավատամք կամ Խոստովանություն հավատո կամ Դավանություն հավատո: Այս իմաստով Դ. ուղղափառ հավատքի խոստովանությունն է, իսկ դավանել նշանակում է ընդունել, խոստովանել և վկայել որպես ճշմարտություն: Պայքարելով զանազան աղանդավոր. շարժումների դեմ՝ եկեղեցին մշտապես կարիք է ունեցել նորոգել և հաստատել հավատացյալ գիտակցությունը: Եկեղեցու հայրերը և վարդապետները ավանդել են մեծածավալ դավան. ժառանգություն՝ ուղղափառ հավատքն ուսուցանելու, բացատրելու, լուսաբանելու և մեկնելու համար: Այդ ժառանգությունը Սուրբ Հոգով տրված սրբազան ավանդության անբաժանելի մասն է:

ԴԱՎԱՆԱՆՔ

Գրկ. Կ յ ո ւ ր ե ղ Ա լ ե ք ս ա ն դ ր ա ց ի, Գիրք պարապմանց, ԿՊ, 1717: Գ ր ի գ ո ր Տ ա թ ե վ ա ց ի, Գիրք հարցմանց, ԿՊ, 1729: Ա թ ա ն ա ս Ա լ ե ք ս ա ն դ ր ա ց ի, Ճառք, թուղթք և ընդդիմասացութիւնք, Վնտ., 1899: Գ ր ի գ ո ր Լ ո ւ ս ա վ ո ր ի չ, Յաճախապատում ճառք և աղօթք, Վնտ., 1954: Օ ր մ ա ն յ ա ն Մ., Տեղիք աստուածաբանութեան, Երուսաղեմ, 1985: The Armenian version of the works attributed to Dionysius the Areopagite, ed. by R.W. Thomson, Lovanii, 1987. Մեսրոպ քհն. Արամյան

ԴԱՎԱՆԱՆՔ Հ ա յ ա ս տ ա ն յ ա յ ց ա ռ ա ք ե լ ա կ ա ն ե կ ե ղ ե ց ո ւ, Հայ եկեղեցու կողմից որպես ուղղափառ ճանաչվող դավանական դրույթների ամբողջությունը: Հայ եկեղեցին (նաև մյուս Արևելյան ուղղափառ եկեղեցիները) որպես տիեզերական է ճանաչում միայն երեք եկեղեց. ժողովներ (տես Նիկիայի Ա տիեզերական ժողով 325, Կոստանդնուպոլսի Բ տիեզերական ժողով 381, Եփեսոսի Գ տիեզերական ժողով 431): Երեք տիեզերաժողովների դավան. որոշումների վրա

260

է կառուցված Հայ եկեղեցու դավան. համակարգը: Հայ եկեղեցու դավանաբանության կարևորագույն աղբյուրներից են եկեղեցու սուրբ հայրերի՝ Դիոնիսիոս Արիոպագացու, Աթանաս Ալեքսանդրացու, Եփրեմ Ասորու, Կյուրեղ Երուսաղեմացու, Բարսեղ Կեսարացու, Գրիգոր Նազիանզացու, Գրիգոր Նյուսացու, Եպիփան Կիպրացու, Հովհան Ոսկեբերանի, Կյուրեղ Ալեքսանդրացու դավան. երկերը, որոնց ավանդների հիման վրա զարգացել և ձևավորվել է հայ դավան. միտքը: Կարևոր աղբյուր է նաև Տիմոթեոս Կուզի «Հակաճառութիւն…» երկը, որը զգալի ազդեցություն է թողել հայ դավան. մտքի ձևավորման վրա: Նշանավոր են «Կնիք հավատո» և «Գիրք թղթոց» ժողովածուները: Հայ եկեղեցու դավան. համակարգը վերջնականապես բյուրեղացել է Հովհաննես Գ Օձնեցու, Խոսրովիկ Թարգմանչի, Ստեփանոս Սյունեցու, Գրիգոր Նարեկացու, Անանիա Սանահնեցու, Պողոս Տարոնացու, Հովհաննես Սարկավագի, Ներսես Շնորհալու, Մխիթար Գոշի, Վարդան Արևելցու, Մխիթար Սասնեցու, Կիրակոս Երզնկացու, Ստեփանոս Օրբելյանի, Եսայի Նչեցու, Հովհան Որոտնեցու, Գրիգոր Տաթևացու աշխատությունների շնորհիվ: Հայ դավան. մտքի զարգացման պատմության մեջ առանձնահատուկ դեր է ունեցել 726-ի Մանազկերտի եկեղեցական ժողովը, որի ընդունած նզովքները ուղղափառ հավատքի սահմանումներ են ընդհակառակից: Հայ եկեղեցում ծիսական կիրառություն ունի երեք Հանգանակ, որոնք հակիրճ ներկայացնում են հայ հավատքի կարևորագույն սկզբունքները: Առաջինը կոչվում է Նիկիական, սակայն իրենից ներկայացնում է ՆիկիաԿ. Պոլսյան մի խմբագրություն: Երկրորդը Գրիգոր Տաթևացու խմբագրած հավատքի խոստովանությունն է: Երրորդը Մկրտության ծեսի մեջ գործածվող համառոտ տարբերակն է: Դավան. աղերսներով լի են նաև Հայ եկեղեցու ծիսամատյանները՝ Շարակնոցը, Ժամագիրքը, Մաշտոցը և Խորհրդատետր-Պատարագամատույցը: Հայ եկեղեցու դավանությունն ունի հետևյալ կառույցը. 1. Աստված, 2. Արարչագործություն, 3. Փրկագործություն: Վերջինս բաժանվում է երեք հիմն. մասերի. ա. քրիստոսաբանություն, բ. Սուրբ Հոգու տնօրինություն և եկեղեցի, գ. վախճանաբանություն: