Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/263

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

մազոր, նույնապատիվ, հավասարապատիվ, համապատիվ, համաբուն, նույնագո եզրերը: Համագոյությունը բացառում է որևէ ժամանակային պատճառականություն Երրորդության Անձերի միջև: Հայրն անժամանակ պատճառն է Որդու՝ ծննդյամբ և Սուրբ Հոգու՝ բխմամբ: Ծնունդը և բխումը ներբնութենական ակտեր են և ոչ թե Աստվածային բնությունից դուրս ժամանակային առաջացումներ (ընդդեմ արիոսականության) կամ միևնույն Աստվածային Անձի տարակերպություններ (ընդդեմ Սաբելիոս Լիբիացու, ըստ որի՝ Հայրը, Որդին և Սուրբ Հոգին տարբեր անձեր չեն, այլ՝ մեկ աստվածային անձ՝ երեք տարբեր փուլային գործունեության մոդուսներով: Նախ՝ Աստված գործել է որպես Հայր, մարմնավորումից մինչև Համբարձում՝ որպես Որդի և Հոգեգալուստից հետո՝ որպես Սուրբ Հոգի: Ուսմունքը կոչվում է սաբելիոսականություն կամ մոնարխիստական մոդուլիզմ): Հովհաննես Սարկավագը գրում է. «Ոչ երեք աստվածներ՝ բնությամբ օտար միմյանցից, և ոչ մեկ անձ՝ տկար առատության մեջ, այլ Մի Աստված՝ ըստ բնության նույնության, և Երեք Անձեր՝ ըստ ամենառատության և անճառելի խորհրդի: Դարձյալ՝ ոչ երեք անսկիզբներ, քանզի միայն Հայրն է անսկիզբը՝ ոչ մեկից չծնված, իսկ Որդին Նրա ծնունդն է, և Սուրբ Հոգին ելնում է Նրանից, բայց ըստ ժամանակի՝ անսկիզբ են Հոր պես, և Երեքը սկիզբ չեն միմյանց համար: Քանզի Հայրն է սկիզբը Որդու՝ ծննդյամբ, և Հոգու՝ ելողությամբ, ոչ մեկ անձ՝ երեք լինելով, և ոչ երեք աստված՝ մի բնությամբ, ուստի և անբաժանելի ենք խոստովանում: Եվ պետք չէ կարծել մեկ անձ երեք անուններով, ինչպես Սաբելիոսը, և ոչ երեք տարբեր բնություններ, ինչպես Արիոսը, այլ մի բնություն և Երեք Անձեր» («Գանձասար», 6, 1996, էջ 278): 2. Արարչագործություն: Աստծո կողմից աշխարհի արարումը կամ Արարչագործությունը հավատքի խոստովանության կարևորագույն դրույթներից է: Աստված Արարիչն է և Ստեղծագործողը երկնքի ու երկրի, երևելի ու աներևույթ արարածների: Արարչագործությունն Ամենասուրբ Երրորդության առաջին արտաքին գործն է: Աստված իր անեղ բնությունից դուրս, մեկ այլ եղական բնությամբ ոչնչից և անգոյությունից ստեղծում է բոլոր արարածներին:

ԴԱՎԱՆԱՆՔ

262

Արարչագործություն եզրով բնորոշվում է նախ՝ Աստծո կամքով սահմանված արարչության անժամանակ գաղափարը, և ապա՝ աստվածային ստեղծագործության արդյունքը ժամանակի մեջ՝ արարչությունը: Ըստ եկեղեցու հայրերի՝ Աստված բոլոր իրերը տեսնում էր մինչև նրանց լինելիությունը՝ Աստվածային Անձերի հավիտենական խորհրդակցությամբ հղանալով դրանց գոյակերպն իր մտքում, այսինքն՝ յուրաքանչյուր էություն ունի իր անժամանակյա աստվածային գաղափարը և գոյության է կոչվում որոշակի ժամանակի մեջ՝ ըստ իր հավիտենական նախասահմանված կերպարի և նմանության. «…կանխապես ունենալով նախագոյությունը և գերագույն լինելով ամեն տեսակ գոյությունից՝ ասում եմ՝ նույնը ըստ նույն գոյության նախագոյացրեց և իր գոյությամբ ամեն բան, ինչպես որ է, գոյացրեց» (Դ ի ո ն ի ս ի ո ս Ա ր ի ո պ ա գ ա ց ի, Յաղագս աստուածային անուանց, տես The Armenian version of the works attributed to Dionysius the Areopagite, ed. by R.W. Thomson, 1987, էջ 140): Այս գաղափարները, որոնք կոչվում են նաև օրինակներ, նախասահմանություններ, նախագոյություններ, նախատեսություններ, չեն համընկնում արարածների հետ, այլ սահմանում են այն կերպերը (մոդուսները), որոնցով արարածը հաղորդակցվում է Աստծո արարչական զորություններին: Արարչագործությունն ինքնանպատակ չէ. Աստված է սկզբնավորում և Աստված է վերջն. նպատակը: Յուրաքանչյուր արարած ունի Աստծո հետ հաղորդակցման կետ. դա իր աստվածային գաղափարն է, իր պատճառը, որը նաև իր նպատակն է: Արարչությունը կոչված է Աստծո հետ կատարյալ միության, որը կատարվում է ձգտումով (նպատակաուղղվածությամբ) դեպի իր աստվածային գաղափարները: Աստվածային գաղափարների ամբողջությունը կոչվում է հարացույց: «Եվ ասում ենք՝ գոյություն ունի հարացույց, որն էերի էացուցիչ և միեղեն նախագոյացած սահմանումներն է Աստծո մեջ, որոնք աստվածաբանությունն անվանում է էերի զատողական և արարողական նախասահմանություններ և աստվածային ու բարի կամեցումներ, ըստ որոնց՝ [Աստված] գերագույն էությամբ բոլոր էերը նախասահմանեց և արարեց» (Ն ո ւ յ ն տ ե ղ ո ւ մ, էջ 189): Արարչությունն Աստծո դժգույն և թույլ արձագանքը չէ, ինչպես պատկերացնում էին