Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/265

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

գեր, որոնք հանգեցրել են եկեղեցիների բաժանման: Քրիստոսաբան. միտքն առանձնահատուկ զարգացում է ապրել Հայ եկեղեցու ավանդության մեջ, որի արդյունքում ստեղծվել է ուրույն քրիստոսաբան. համակարգ՝ հիմքում ունենալով Ալեքսանդրյան աստվածաբան. դպրոցի (տես Ալեքսանդրիա հոդվածում) ավանդները: Ըստ Հայ եկեղեցու վարդապետության՝ Ամենասուրբ Երրորդության Անձերից մեկը՝ Աստծո Միածին Որդին՝ նախահավիտյան Բանը, մարդկանց փրկության համար խոնարհվեց իր Աստվածության անհասանելիությունից և Հոգով կատարելապես մարդացավ ս. Կույս Մարիամից: Ոչ թե նախ ստեղծեց մարդուն և ապա բնակվեց նրա մեջ՝ որպես տաճարի, այլ ինքը՝ Բանը, ճշմարտապես մարդ եղավ, այսինքն իրեն միացրեց մարդկային կատարյալ բնություն՝ հոգով, մարմնով և մտքով: Ոչ թե Բանը փոխարկվեց մարմնի կամ մարմինը՝ Աստվածության, ոչ թե աստվածայինը կամ մարդկայինը միավորվելիս բնությամբ փոփոխվեցին կամ այլայլվեցին կամ շփոթվեցին, այլ՝ կատարյալ Աստված իրեն միավորեց անթերի մարդկություն՝ առանց փոփոխության, առանց այլայլության, առանց շփոթության. այսինքն՝ Աստված մնաց Աստված, և մարդը՝ մարդ: Երկու կատարյալները եղան մեկ կատարյալ՝ նոր և սքանչելի միությամբ: Հղության պահից Աստվածությունը և մարդկությունն անբաժանելիորեն միավորված են մեկ Տեր Հիսուս Քրիստոսի մեջ, և Բանի Մարդեղության փրկագործ տնօրինության մեջ սուրբ Հղությունից սկսած որևէ գործի մասին չի կարելի խոսել որպես սոսկ աստվածայինի կամ սոսկ մարդկայինի: Քրիստոսի մեջ աստվածամարդկային միությունը ոչ թե բնությունների հարակցություն, կապակցություն կամ վերաբերություն է, այլ՝ էական, գոյաբանական և բնութենական միություն, որի մեջ հնարավոր չէ ներմուծել որևէ բաժանում կամ լուծարում: Աստվածայինը և մարդկայինը անձով, բնությամբ, կամքով և ներգործությամբ անբաժանելիորեն միավորված են մեկ Տեր Հիսուս Քրիստոսի մեջ: Ուստի մեկ է մարդացած Բանն Աստծո անձը, բնությունը, կամքը, ներգործությունը, և մերժելի են փրկության իսկությունը սասանող որևէ բաժանություն կամ երկվություն Հիսուս Քրիստոսի մեջ: Հովհաննես Գ Օձնեցին գրում է. «Միության մեջ պետք չէ ուրանալ յուրաքանչյուրի կատարե-

ԴԱՎԱՆԱՆՔ

264

լությունը, ոչ էլ յուրաքանչյուրի կատարելության պատճառով հրաժարվել մեկ կատարելությունից՝ միություն խոստովանելով անայլայլության մեջ և անայլայլություն՝ միության մեջ: Մեկ բնություն և մեկ դեմք ունի Քրիստոս ոչ թե ըստ բնության նույնության կամ ըստ մեկանձնականության, քանզի այս երկուսը միասին գրեթե զրկում են Աստծուն մարդանալուց և մարդուն՝ աստվածանալուց, այլ ըստ Բանի՝ իր մարմնի հետ անճառ միավորության» («Ընդդէմ երեւութականաց», տես «Մատենագրութիւնք», 1833, էջ 51-52): Հայ քրիստոսաբան. մտքի համար մերժելի են Բանի ներմարդությունը մարդկային մտքով ընկալելու կերպերը. աշխարհի որևէ օրինակով հնարավոր չէ հասկանալ, նկարագրել կամ բացատրել Աստծո Մարդեղության խորհուրդը, որը հավատքի խորհուրդ է և դավան. ճշմարտություն. Բանն Աստված անճառաբար, անպարիմանալիորեն, մտքի համար անհասանելիությամբ, ինչպես որ Ինքը գիտի, մարդացավ՝ իրենից օտարացած մարդկությանը փրկագործելու համար: Հայ քրիստոսաբան. մտքի կարևոր արգասիքներից է անապականության վարդապետությունը: Նա, ով համագոյակից էր Հորն ըստ Աստվածության, համագոյակից դարձավ մեզ ըստ մարդկության, դարձավ ճշմարիտ և կատարյալ մարդ՝ ամեն ինչում նման մեզ, բացի մեղքից: Քրիստոսը փրկական տնօրինությամբ կրել է բոլոր մարդկային տկարությունները, ազատորեն անցել մարդկային կրքերի միջով՝ դատապարտելով դրանց մեջ մեղքի թթխմորը և ազատագրելով մեզ մեղքի դատապարտվածությունից: Հետևաբար տնօրինական գործեր են ոչ միայն աստվածավայելուչ հրաշքները՝ ջրի վրայով քայլելը, մեռելներին հարություն տալը, հացի բազմացումը ևն, այլ նաև՝ մարդավայելուչ տկարությունները՝ ծարավը, հոգնությունը, արտասվելը ևն: Երբ Տերն աստվածային հրաշք էր գործում, ապա դա անում էր որպես Աստված և մարդ, որպեսզի մարդը նույնպես կարողանա աստվածային գործերին մասնակից դառնալ: Երբ մարդկային տկարությունների միջով էր անցնում, ապա դա անում էր ոչ թե դատապարտվածությամբ՝ մահկանացուների պես, այլ՝ որպես Աստված և մարդ, որպես հզոր և ազատարար, և ազատում էր մեզ չարի կապանքներից: Քրիստոսի երկրային կյանքի ամեն մի պահ, սկսած սուրբ Հղությունից մինչև հրաշափառ Հարություն, փրկական տնտեսություն է և զերծ պատահականություններից: