Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/331

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

զգացում: Ե. պետք է հասկանալ դրական իմաստով՝ որպես ակնածության, զգաստության, խոնարհության և ցնծության խառը զգացում՝ տածած սուրբ, արդար և ամենակալ Արարչի, Աստծո նկատմամբ: Ինչպես հավաստում է Սողոմոնը՝ «Իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է, որ բարի հանճար է բոլոր նրանց համար, ովքեր առաջնորդվում են նրանով…» (Առակներ 1.7): Ե. բխում է Աստծո անաչառ դատաստանի ներկայության զգացողությունից, և մարդկանցից նա՛ է իմաստուն, ո՛վ գիտակցում է Աստծո երկյուղազդու սրբությունը և դատաստանի անվրեպ արդարությունը. «Եվ ահա լսի՛ր իմ բոլոր խոսքերի վերջաբանը. վախեցի՛ր Աստծուց և պահի՛ր նրա պատվիրանները. ահա այս է մարդն ամբողջովին, որովհետև Աստված պիտի բոլոր արարածների դատաստանն անի նրանց կատարած բոլոր թաքուն գործերի համար՝ լինեն դրանք չար թե բարի» (Ժողովող 12.13–14): Աստծո նկատմամբ տածած Ե. կերտում է հավատացյալին հոգևորապես՝ առաջնորդելով նրան դեպի անձն. սրբություն և Աստծո հանդեպ հնազանդություն, հեռու պահելով փորձությունից և մեղքից, որ հարուցում է չարը՝ մղելով աներկյուղության, հանդգնության և, վերջապես, անմտության: Ե. Հիսուս Քրիստոսով սրբերի հատկանիշն է, որն արգելակում է մարդու մեղանչական հակումները և հակառակը՝ զորացնում լավ հակումները, ամրացնում սիրտը հույսի, հավատի և սիրո շնորհներով: Այսպիսով, Տիրոջ նկատմամբ տածած Ե. աստվածային ողորմածության և շնորհի պատուհան է բացում քրիստոնյայի համար: Աստծո հանդեպ Ե-ի էությունը, որպես աստվածապաշտությանն ուղեկցող սրբարար հոգետարերք, ցայտուն է արտահայտվել հատկապես Դավթի սաղմոսներում. «Աստվածավախնե՛ր, օրհնեցե՛ք Տիրոջը…» (Սաղմ. 21.24), «Իրենից ակնածողների կամքը կատարում է Տերը, լսում է նրանց աղոթքն ու փրկում նրանց» (Սաղմ. 144.19), «Թող երկյուղ կրի Տիրոջից ողջ երկիրը, և նրանից թող դողան բոլոր բնակիչներն աշխարհի» (Սաղմ. 32.8), «Բայց Տիրոջ ողորմությունը հավիտյանս հավիտենից իրենից երկյուղ կրողների վրա է…» (Սաղմ. 102.17),

ԵՐԿՆԱՅԻՆ

330

«Տիրոջ երկյուղը սուրբ է և սուրբ է մնում հավիտյան…» (Սաղմ. 18.10) ևն: Լևոն Սարգսյան

ԵՐԿՆԱՅԻՆ ԱՐՔԱՅՈՒԹՅՈՒՆ, Ա ս տ ծ ո թ ա գ ա վ ո ր ո ւ թ յ ո ւ ն, Հիսուս Քրիստոսի թագավորությունը՝ տրված Հայր Աստծուց: Ե.ա. արտահայտվում է հիմնականում երկու կերպով. թագավորություն, որը հանուն Հիսուս Քրիստոսի Սուրբ Հոգին է հաստատում փրկյալ մարդու մեջ՝ Պենտեկոստեից ի վեր, և աստվածային թագավորություն՝ նոր երկինք ու նոր երկիր, որ իջնելու է Աստծուց (Հայտն. 21), փոխանակ հին երկնքի և երկրի, որոնք անցնելու են: Ե. ա. է կոչվում նաև Քրիստոսի Հազարամյա թագավորությունը երկրի վրա (Հայտն. 20)՝ Քրիստոսի Երկրորդ գալստյան ժամանակ՝ մարդկային բոլոր թագավորությունների (տերությունների) ու չարի կործանումով և նոր՝ հավիտենական դրախտ ընծայելով նրա՛նց, ովքեր արդարացված, փրկված ու սրբված են Հիսուս Քրիստոսով: Տերունական աղոթքի՝ «Հայր մեր»-ի մեջ ասվում է՝ «Հա՛յր մեր, որ երկնքում ես. սո՛ւրբ թող լինի քո անունը. քո թագավորությո՛ւնը թող գա. քո կա՛մքը թող լինի երկրի վրա, ինչպես որ երկնքում է…» (Մատթ. 6.9–10), ուստի Ե. ա. հենց Աստծո կամքի հաստատումն է երկրի վրա: Հովհաննես Մկրտիչը Ե. ա-յան ավետիսն էր տալիս մարդկանց, ի դեմս մարդեղացյալ Աստվածորդու. «Ապաշխարեցե՛ք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է» (Մատթ. 3.2): Ե. ա. Հին կտակարանում հիշատակվում է որպես աստվածային հավիտենական թագավորություն («…Նրա արքայությունը հավիտենական արքայություն է…», Դանիել 7.27) ևն: Մարգարեները, խոսելով գալիք Մեսիայի ծննդյան, փրկչական գործունեության, չարչարանքների, մահվան, հարության և այլնի մասին, նշում են նաև, որ նա թագավոր է՝ սերված Դավթի թագավորական տոհմից (որը ճշմարիտ է մարդեղացյալ Հիսուսի վերաբերյալ, քանի որ նա ծնվեց Դավթի ցեղից սերված Կույս Մարիամից՝ Սուրբ Հոգու զորությամբ), որ նա Աստված է՝ բոլոր թագավորությունների վրա («…Տե՛ր Աստված Իսրայելի, դու, որ նստած ես քերովբեների վրա, աշխարհի բոլոր թագավորությունների մեջ միայն դո՛ւ ես Աստված…», Դ Թագ. 19.15), որ նա է արքայության Տերը («…քանզի Տիրոջն է արքայությունը…», Սաղմ. 21.29) ևն: