Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/375

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ, Կ ա թ ո ղ ի կ ե ե կ ե ղ ե ց ի, Տ ի ե զ ե ր ա կ ա ն ե կ ե ղ ե ց ի, եկեղեցու չորս հատկանիշներից կամ ստորոգելիներից (Մի, Ընդհանրական, Առաքելական և Սուրբ) մեկը, որը բանաձևված է Հավատո հանգանակում. «Հաւատամք ի Մի միայն Ընդհանրական և Առաքելական Սուրբ եկեղեցի»: Եկեղեցին որպես Հիսուս Քրիստոսի խորհրդավոր մարմին և Տիրոջ ներկայության և փրկագործության երկրային արտահայտություն՝ մեկ ամբողջություն է, Մի և Ընդհանրական իր հիմնադրով՝ Հիսուս Քրիստոսով, իր գլխով, որ է՝ Հիսուս Քրիստոս. «Քրիստոս գլուխն է եկեղեցու» (Եփես. 5.23), կամ «Մե՛կ մարմին և մե՛կ հոգի, ինչպես որ մե՛կ է ձեր հույսը, որին Աստված կոչեց մեզ: Մե՛կ Տեր կա, մե՛կ հավատ, մե՛կ մկրտություն, մե՛կ Աստված…» (Եփես. 4.4–5): Եկեղեցին Ընդհանրական է, որովհետև Քրիստոսն իր մեջ ունի համայն մարդկությունը, չի ճանաչում ազգ., աշխարհագր. կամ այլ սահմանափակում և կոչված է քրիստոնեությունը քարոզելու ամբողջ աշխարհում ու բոլոր ժողովուրդների մեջ. «Գնացե՛ք ամբողջ աշխարհով մեկ և քարոզեցե՛ք Ավետարանը բոլոր մարդկանց» (Մարկ. 16.15): Եկեղեցին Մի և Ընդհանրական է իր նպատակով և առաքելությամբ, այն է՝ Աստծո թագավորության հաստատումը և Աստծո կամքի կատարումը, Մի և Ընդհանրական է առ Քրիստոս իր հավատով, իր առաքելականությամբ՝ հաստատված նախ Քրիստոսով, ապա առաքյալների կողմից Երուսաղեմի Վերնա-

374

տանը՝ Հոգեգալստյան իրադարձությամբ: Այդ եկեղեցին կոչվել է Աշխարհամատուռ, այսինքն՝ աշխարհին պատկանող մատուռ և առաջին եկեղեցի, որն այնուհետև առաքյալների տիեզերական առաքելությամբ աճել, տարածվել, հաստատվել է տարբեր վայրերում ու դարձել բազմաճյուղ: Առաքյալների և նրանց հաջորդների կողմից աշխարհի տարբեր ծայրերում հաստատված եկեղեցիներն Աշխարհամատուռ եկեղեցու ճառագայթումներն են: Եկեղեցին Մի և Ընդհանրական է իր էության և իսկության մեջ, բայց բազմաճյուղ ու բազմաճառագայթ է երկրի վրա. «Ինչպես մեկ է մարմինը և ունի բազում անդամներ, և մարմնի այդ բազում անդամները բոլորը մեկ մարմին են, այնպես էլ՝ Քրիստոս» (Ա Կորնթ. 12.12): Այս իմաստով հատկանշական է Իգնատիոս Անտիոքացու (I–II դդ.) այն միտքը, թե տեղական եկեղեցին ոչ թե մեկ մասնիկն է Ը. ե-ու, այլ հենց Ը. ե. է՝ գլուխ ունենալով Հիսուս Քրիստոսին և առաքյալներին: Բազմաճյուղ Ը. ե. Մի և Ընդհանրական է եղել նաև Քրիստոսի խոսքի, մարմնի և արյան խորհրդի հաղորդությամբ, որով եկեղեցին ապահովում է Տիրոջ ներկայությունն իր մեջ և հավատացյալների միջև: Նա, ով դուրս է այդ հաղորդությունից, չի կարող քրիստ. եկեղեցու մաս կազմել: Աղանդավորներն ու հերետիկոսները, ենթարկվելով բանադրանքի, զրկվել են եկեղեցու հաղորդությունից: Եկեղեցու ընդհանրականությունն ու միությունն արտահայտվել են նաև ուղղափառ դավանան-