Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/403

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ԺԱՄԱԳԻՐՔ, Ա ղ ո թ ա մ ա տ ո ւ յ ց, քրիստոնեական եկեղեցու հնագույն ծիսական մատյաններից, եկեղեցական արարողակարգին և տոներին պատշաճեցված աղոթքների, հոգևոր երգերի, քարոզների ժողովածու (տես Ծիսամատյան): Հայոց Ժ-ի կազմավորումը վերագրվում է V դ. սուրբ հայրերին՝ Սահակ Ա Պարթևին, Մեսրոպ Մաշտոցին, Գյուտ Ա Արահեզացուն, Հովհաննես Ա Մանդակունուն, հետագա դարերի հեղինակներից՝ Ներսես Շնորհալուն: Ժ-ի որոշ հատվածներ պատկանում կամ վերագրվում են նաև Թովմա առաքյալին, Գրիգոր Ա Լուսավորչին, Գրիգոր Նարեկացուն, Հովհաննես Սարկավագին, Գրիգոր Տաթևացուն, Թովմա Մեծոփեցուն և այլոց: Հայոց Ժ., չնայած քրիստ. այլ եկեղեցիներում կիրառվող համանման մատյանների՝ հատկապես հունականի հետ ունեցած ընդհանրություններին, մի շարք առումներով խիստ ինքնատիպ նկարագիր ունի: Դրանում առանձնապես մեծ դեր ունեն հայ հեղինակներին պատկանող հատվածները: Հայ եկեղեցին կիրառել է Ժ-ի երկու դրսևորում՝ Ժ. և Մայր Ժ. (Ատենի). վերջինս ներառում է նաև Սաղմոսարան և Տոնացույց: Ժ-ի մեջ ընդգրկված են հոգևոր բանարվեստի և երաժշտաբանաստեղծ. արվեստի մի շարք ժանրեր՝ աղոթք, քարոզ, մաղթանք, ընթերցվածք (Ավետարանից), սաղմոս, փոխ, ալելուիա, կանոն, թագավոր, մեսեդի, օրհնություն, երգ ևն: Վերջիններիս թվին են պատկանում համաքրիստ. երկու երգերը՝ «Փառք ի բարձունս»

402

(Առավոտյան ժամերգություն, տես Ժամերգություն) և «Լոյս զուարթ» (Երեկոյան ժամերգություն), ապա Ներսես Շնորհալու մի շարք երգերը, որոնցից հանրածանոթ են «Յիշեսցուք ի գիշերի», «Առաւօտ լուսոյ» (Գիշերային ժամերգություն), արևագալի չորս երգերը (տես Արևագալի երգեր) ևն: Ժ-ի կարևորագույն մաս են կազմում ութ սաղմոսականոնները (կամ Ժ-ի կանոնները), որոնք երաժշտ. առումով դասակարգված են ութ ձայնեղանակներին (տես Ութձայն) համապատասխան: Յուրաքանչյուր կանոն բաղկացած է յոթ գուբղայից, որոնցից յուրաքանչյուրն իր հերթին՝ 2–6 սաղմոսներից (քանակը՝ կախված սաղմոսների ծավալից): Վերջին գուբղան կոչվում է «Կանոնագլուխ», որն իր երաժըշտական լեզվաոճով առավել զարգացած է կանոնի մյուս մասերի համեմատ: Հետագայում հենց սաղմոսներին են կցվել հայոց հոգևոր առաջին ինքնուրույն երգերը, որի հետևանքով էլ կոչվել են «կցուրդ» (սրանք չեն մտնում Ժ-ի մեջ, տես նաև Շարական): Ժ-ի երգասացությունները տարաբնույթ են նաև երաժշտ. լեզվաոճի առումով՝ բնութագրվելով ինչպես պարզ, զուսպ ասերգայնությամբ, այնպես էլ ծանր, հանդիսավոր մեղեդիականությամբ: Ժ. առաջին անգամ հրատարակել է Աբգար Դպիրը (1568, Կ. Պոլիս), իսկ Մայր Ժ.՝ Խաչատուր Կեսարացին (1642, Նոր Ջուղա): 1877ին Նիկողայոս Թաշճյանը Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցու հովանավորությամբ Վաղարշա-