Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/478

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Էրզրումի գրավման ժամանակ: Երբ Ադրիանուպոլսի պայմանագրով (2.9.1829) Էրզրումի, Բայազետի և Կարսի փաշայությունները վերադարձվել են Թուրքիային, Կ. Բ., վախենալով թուրքերի վրեժխնդրությունից, Էրզրումի և շրջակայքի հայության անունից, 29 պատվավոր քաղաքացիների հետ, ռուս. բանակի հրամանատար Ի. Ֆ. Պասկևիչին է ներկայացրել (15.12.1829) աղերսագիր՝ խնդրելով թույլատրել տեղի հայերին գաղթել Ռուս. կայսրության սահմանները: Կ. Բ-ու հորդորանքով և առաջնորդությամբ 1830-ին Էրզրումից և շրջակա հարյուրավոր գյուղերից մոտ 50 հզ. (7298 ընտանիք) հայ գաղթել և բնակություն է Կարապետ արք. Բագրա- հաստատել Ախալցտունի խայում, Ախալքալաքում, Ծալկայում, Լոռի-Փամբակում և Շորագյալում: Կ. Բ-ու ջանքերով Էրզրում քաղաքի և շրջակա գյուղերի վանքերից ու եկեղեցիներից հավաքվել և Ախալցխա են տեղափոխվել հոգևոր-մշակութային արժեքներ (որոնց թվում՝ «Ծուղրութի Ավետարան»-ը): Դրանք հիմնականում զետեղվել են Ախալցխայի նորակառույց (1835–37) Ս. Փրկիչ եկեղեցում: Կ. Բ-ու օժանդակությամբ ու մասնակցությամբ են ստեղծվել Ախալցխայի նոր, աջափնյա մասը՝ Պլանը, 100-ից ավելի գյուղեր՝ Ախալցխայի, Ախալքալաքի, Ծալկայի գավառներում, մոտ 60 եկեղեցի, Նոր Կարապետյան դպրոցը (1842–44, այժմ՝ քանդված), Ախալքալաքի Ս. Մեսրոպյան արական դպրոցը ևն: 1837-ի հունվ. 20-ին Կ. Բ. նշանակվել է Վրաստանի և Իմերեթի հայոց թեմի առաջնորդ ու այդ պաշտոնում մնացել մինչև մահը: 1837-ի սեպտ. Ախալցխայում դիմավորել և ընդունել է Անդրկովկասի նորանվաճ երկրամասերն այցելած Նիկոլայ I ցարին: Կ. Բ-ու խընդրանքով կայսրը մեկ տարով ևս երկարաձգել է Ախալցխայի հայ գաղթականների՝ հարկեր չվճարելու արտոնությունը: Ռուս. կառավարությանը մատուցած ծառայությունների համար Կ. Բ. պարգևատրվել է (20.10.1830) Ս. Աննայի առաջին աստիճանի շքանշանով: Թաղված էր Ախալցխայի Ս. Փրկիչ եկեղեցու գավթում, որ-

տեղից 1953-ին աճյուԿԱՐԳ նը տեղափոխվել է քաղաքային գերեզմանատուն: Ախալքալաքի Ս. Խաչ եկեղեցու բակում կանգնեցվել է Կ. Բ-ի հուշարձանը (2000, քանդ.՝ Լ. Գրիգորյան): Գրկ. Գ ա լ ա մ դ ա րյ ա ն Վ., Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունի, «Էջմիածին», 1956, դ 11–12: Գ ե ղ ա մյ ա ն ց Հ., Կարապետ արքեպիսկոպոս. կենսագրություն, Ե., 1999:

ԿԱՐԳ ՀԻՎԱՆԴԱՑ ԵՎ ՎԵՐՋԻՆ ՕԾՈՒՄ, այցելություն հիվանդներին, Հայ առաքելական եկեղեցու յոթ խորհուրդներից: Խորհուրդի հիմն. նպատակը հիվանդի մեղքերը քավելն է՝ խոստովանությամբ, զղջումով ու մեղքերի թողությամբ: Այս խորհուրդով եկեղեցին աստվածային շնորհներ է մատակարարում իր հիվանդ հավատացյալներին՝ ապաքինության և կազդուրման համար: Հայ եկեղեցում Կարգ հիվանդացի խորհրդակատարությունը կոչվում է «Կանոն գիշերային ժամու աղոթից»: Կատարում է եկեղեցու պաշտոնյան՝ «ի վերա ծանր հիվանդաց՝ ի բժշկություն ցավոցն և ի քավություն հանցանաց»: Հիսուս Քրիստոսը տարբեր ձևերով է կատարել հիվանդների բժշկությունը. երբեմն՝ ձեռքի հպումով, երբեմն էլ՝ միայն խոսքով: Հաճախ բժշկելուց առաջ մեղքերի թողություն է տվել ենթակային (Մատթ. 9.2–7) և պատվիրել, որ մեղք չգործի (Հովհ. 5.14), որովհետև մեղքը և մարդկային մոլորություններն ընդհանրապես համարվում են հիվանդության սկիզբն ու պատճառը: Քրիստոսն իր 12 առաքյալներին իշխանություն տվեց բժշկելու հիվանդներին՝ աղոթքով, ձեռք դնելով, յուղով օծելով (Մատթ. 10.1–8, Մարկ. 6.12–13, 16.18, Գործք 28.8): Կարգ հիվանդացը կատարվում է հիվանդների վրա, որպեսզի նրանք բժշկվեն Սուրբ Հոգու զորությամբ: Խորհուրդի կատարման հիմքը զղջումն է և հավատը. «Եվ հավատքով եղած աղոթքը կփրկի հիվանդին, ու Տերը նրան ոտքի կկանգնեցնի: Եվ եթե մեղք գործած լինի, այդ նրան պիտի ներվի» (Հակոբ. 5.15): Հիվանդի հավատը և մեղքերից հրաժարվելու մտադրությունը էական պայմաններ են բժըշկվելու համար, և Հիսուս Քրիստոսը հաճախ է շեշտել հավատի կարևորությունը (Մատթ. 9.27–30): Կարգ հիվանդացի խորհուրդը Հայ եկեղեցում դիտվում է որպես Վերջին օծման շարու-

477