Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/714

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

օր (այստեղից էլ՝ քառասնորդական կամ քառասնօրյա անունը)՝ Բուն Բարեկենդանին հաջորդող երկուշաբթի օրվանից մինչ Ավագ շաբաթ օրը, որին հաջորդում է Զատիկը: Մ. պ-ի օրերը կոչվում են աղուհացի օրեր, որովհետև նախկինում Մ. պ-ի որոշ օրերին միայն աղ ու հաց էին ուտում, այդպես էին վարվում հատկապես ճգնավորներն ու անապատականները: Ներկայումս աղուհացը պահքի այն օրերն են, երբ պահքի կերակուրներ են ուտում: Պահոց օրերը, մասնավորապես Մ. պ-ի օրերը, բացի որոշ կերակուրներից հրաժարվելուց, ծոմապահությունից (վերջինս շաբաթ և կիրակի օրերին չի պահվում) և ժուժկալությունից, հոգևոր, ներանձնական խոկումի, ինքնաքննության, զղջումի, աղոթքի, ապաշխարության, բարոյական կատարելագործման, գործած մեղքերի թողության ու քավության շրջան է: Քառասուն օրը խորհրդանշում է անապատ քաշված Քրիստոսի քառասնօրյա ծոմապահության շրջանը, ինչպես նաև Սուրբ Գրքում հաճախակի հիշվող 40 խորհրդանշական թիվը: Քրիստոսի քառասնօրյա առանձնացումը աղոթքի, ծոմապահության և ապաշխարության, իր հրապարակային գործունեության պատրաստության շրջանն էր: Քառասունօրյա պահքի մասին խոսվում է Առաքելական կանոններում, ինչպես նաև տեղական և ազգ. եկեղեց. ժողովների կանոններում: Մ. պ-ի շաբաթ օրերին տոնվում է սրբոց հիշատակը: Երբ Մ. պ-ին զուգադիպում են Տյառնընդառաջի և Ավետման (տես Աստվածածնի տոներ հոդվածում) տոները, Մ. պ-ի բոլոր ծիսական պահանջները դադարում են. եկեղեցու վարագույրը բացվում է, և Պատարագ է մատուցվում, բայց կերակրի պահեցողությունը չի խախտվում: Մ. պ-ի շրջանում փակվում է եկեղեցու խորանի վարագույրը, մատուցվում է փակ Պատարագ, ամուսնություններ տեղի չեն ունենում, մինչդեռ թույլատրվում է մկրտություն և նշանդրեք կատարել: Մ. պ-ի շրջանին հատուկ են ապաշխարության շարականները (վերագրվում են Մեսրոպ Մաշտոցին), ինչպես նաև Մ. պ-ի կամ աղուհացի կիրակիների շարականների ամբողջ կանոնը (հեղինակն է Ներսես Շնորհալին): Մ. պ-ի յուրաքանչյուր կիրակի նվիրված է սուրբգրային որևէ դեպքի ու գաղափարի և նրանց անուններով էլ կոչվում է Բուն Բարեկենդան, Արտաքսման, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան (տես Կիրակի հոդվածում):

ՄԵԾՈՓԱՎԱՆՔ, Ս. ՄԵԾՈՓԱՎԱՆՔ Ա ս տ վա ծ ա ծն ի վ ա ն ք, Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Աղիովիտ գավառում, Ականց (Արճեշ) գյուղաքաղաքից մոտ 14 կմ հյուսիս-արևմուտք: Անվանումն ստացել է վանքից վերև գտնվող Մեծոփ (մեծ փոս) լճակի անունից: Ըստ արձանագրությունների՝ Մ. կառուցվել է 1120-ին: 1201-ին Աստվածատուր Արճիշեցին կառուցել է վանքի Ս. Աստվածածին եկեղեցին: Եկեղեցուց արլ. գտնված երկու մատուռներից մեկը կոչվել է Ս. Հակոբ: Մ. եղել է գավառի առաջնորդանիստ: XII դ. վերջից վանքում գործել է դպրոց: XIII դ. սկզբին այն ղեկավարել է «յոյժ իմաստուն և գիտնական» Թովման, իսկ դարավերջին (մինչև 1337-ը)՝ Գլաձորի համալսարանի սան Մխիթար Սասնեցին: Նրան գործակցել է դասակից Հովհաննես Ոսպնակեր Արճիշեցին: Մ. իր ծաղկմանն է հասել XIV դ.: Այստեղ ապրել և գործել են բարձրակիրթ կրոնավորների մի քանի սերունդներ: Մխիթար Սասնեցու օրոք Մ-ի դպրոցը, Գլաձորի համալսարանի ղեկավարությամբ, պայքարել է միարարների (տես Ունիթորություն) դեմ: XIV դ. վերջին դպրոցի վարդապետը եղել է Տաթևի համալսարանի սան, Հովհան Որոտնեցու աշակերտ Հովհաննես Մեծոփեցին, որը վերակառուցել է Մ. և օժանդակ շինություններ կառուցել: 1408-ին Գրիգոր Տաթևացին Մ-ում հիմնադրել է բարձր տիպի դպրոց (160 աշակերտով և 8 վարդապետով), որտեղ ավելի ուշ րաբունապետ են եղել Գրիգոր Խլաթեցին ու Թովմա Մեծոփեցին: Մ-ի դպրոցը փաստորեն Խառաբաստավանքի և Տաթևի վանքի բարձր տիպի դպրոցների շարունակությունն էր: Մ-ում գրվել ու ընդօրինակվել են մի շարք մատյաններ (Քարոզգիրք, Ճաշոց, Ավետարան, Հայսմավուրք, Շարակնոց, Ժամագիրք, «Գիրք հարցմանց», «Դավթի լուծմունք ճառից Աստուածաբանի», «Կարմիր Ավետարան» ևն): Մ. ունեցել է հարուստ մատենադարան. դպրոցում ծաղկել է հատկապես գրչության և մանրանկարչության արվեստը: Սաներից հայտնի են 22 գրիչներ՝ Հովհաննես Մանկասարենցը, Հունանը, Հակոբը, Հովհաննես Բաղիշեցին, Պետրոսը, Թովման, Ղազարը, Մկրտիչը, Զաքարիան, Հակոբ Բերկրեցին, Կարապետ Վանեցին, Ստեփանոսը, Հայրապետը, Ներսեսը, Հովհաննես Արծկեցին, Կիրակոս Բանասերը և ուր., որոնցից մեզ է հասել շուրջ 200 ձեռա-

713