Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/995

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Տ. Մ. ա-ի կանոնադրությամբ՝ միաբանները ճաշելիս պետք է Սուրբ Գիրք կարդային: Այդ պատճառով սեղանատունը վերածվել է նաև ընթերցարանի:

Տ. Մ. ա-ի համալիրը բարձր պարիսպներով ամբողջովին անջատվում է արտաքին աշխարհից: Մեկուսացումն ավելի է շեշտվում պարսպապատերի խուլ լինելով՝ չկա ոչ մի բացվածք դեպի դուրս: Սա բխում է, առաջին հերթին, անապատների առանձնահատկությունից, որոնք ստեղծված են առանձնանալու, ճգնելու ու ապաշխարելու համար և հեռու են այն ամենից, ինչը կապում է աշխարհիկ կյանքին, նույնիսկ՝ բնությանը:

Գրկ. Ա լ ի շ ա ն Ղ., Սիսական, Վնտ., 1893: Զ ա ք ա ր ի ա Ա գ ո ւ լ ե ց ի, Օրագրություն, Ե., 1938: Լ ա լ այ ա ն Ե., Սիսիան, ԱՀ, գիրք 3, Թ., 1898: Դիվան հայ վիմագրության, պր. 2, Ե., 1960: Հ ա ս ր ա թ յ ա ն Մ., Տաթևի Մեծ անապատի ճարտարապետական անսամբլը, ԲԵՀ, 1969, № 1:

Մուրադ Հասրաթյան

ՏԱԹԵՎԻ ՎԱՆՔ, Ս. Ե վ ս տ ա թ ե ո ս ա ռ ա ք յ ա լ ի ո ւ խ տ, ՀՀ Սյունիքի մարզի Տաթև գյուղի հարավում, Որոտան գետի վտակի անդնդախոր ձորի աջափնյա եզերքին: Ավանդության համաձայն՝ վանքը կոչվել է Թադեոս առաքյալի աշակերտ Եվստաթեոսի անունով: Ըստ Ստեփանոս Օրբելյանի, Տ.վ-ի առաջին եկեղեցին կառուցվել է IV դարում, ունեցել անշուք տեսք, սակավաթիվ ճգնավոր միաբաններ: VIII դարի վերջին եղել է Սյունյաց եպիսկոպոսության աթոռանիստը: Այստեղ են բերվել Քրիստոսի խաչափայտի մասունքով արծաթե հսկա (մարդաչափ) «Բաբկենյան խաչը» (պատրաստել էր Բաբիկ իշխանի որդի Վասակը), Բյուզանդիայից՝ «Աստվածամուխ սուրբ Նշանը», ս. Հովհաննեսի, ս. Ստեփանոս Նախավկայի, տասնմեկ առաքյալների, ս. Գրիգոր Ա Լուսավորչի, ս. Հռիփսիմեի մասունքները, Աստվածածնի մազերը: Տ. վ-ի տարածքը IX դարում արդեն չի բավարարել Սյունյաց աթոռի պահանջները: 839-ին Դավիթ եպիսկոպոսը Սյունյաց Փիլիպե իշխանից գնել է վանքի շրջակայքի Արծիվ կոչված տարածքը: 844-ին նա նույն իշխանից նվեր է ընդունել Տաթև գյուղը, որտեղ և հիմնադրել է հետագայում հռչակ ստացած վանքը: Կալվածքներ գնելու և նվիրատվությունների շնորհիվ վանքը դարձել է խոշոր ավատատեր: 844 թվականին Կովսական գավառի իշխան Հրահատը Տաթևի վանքին է նվիրել Նորաշենիկ գյուղը, 848 թվականին իշխան Փիլիպեն կառուցել է Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: 881 թվականին վանահայր Սողոմոն եպիսկոպոսը գնել է Դարատափ գյուղը, վանքին վերադարձրել Խոտ գյուղը և ս. Նշանի համար ճարտար վարպետների ձեռքով պատրաստել թանկարժեք քարերով զարդարված ոսկե խաչ: Սյունյաց Աշոտ իշխանի պատվերով Հովհաննես եպիսկոպոսը ձեռնարկել է հայկական ամենախոշոր եկեղեցիներից մեկի՝ Ս. Պողոս-Պետրոս տաճարի կառուցումը, ինչին օժանդակել են Սյունյաց իշխանները, հատկապես տիկին Շուշանը իր ամուսնու՝ գահերեց իշխան Աշոտի հետ: Տաճարի հիմքը դրվել է 895 թվականին, շինարարությունն ավարտվել 906 թվականին: Սրբատաշ բազալտից կառուցված տաճարի գմբեթը հենվում է երկու խոշոր մույթերի և արմ. ավանդատների անկյունների վրա: Մույթերը խորհրդանշում են Պողոս և Պետրոս առաքյալներին, որոնց մասունքները դրվել են մույթերի հիմքերում և անկյուններում: Տաճարի օծմանը ներկա են եղել Հայոց Սմբատ Ա Բագրատունի թագավորը, Գագիկ Արծրունի իշխանը (հետագայում՝ Վասպուրականի Գագիկ Ա թագավոր), Հայոց կաթողիկոս Հովհաննես Ե Դրասխանակերտցին, Աղվանից Սիմոն Բ կաթողիկոսը, Սյունիքի ու Աղվանքի բոլոր իշխաններն ու եպիսկոպոսները: Օծման առթիվ ներկա գտնվողները Տաթևի վանքին գյուղեր և կալվածքներ են նվիրել՝ Բաղք, Ծղուկ, Հաբանդ, Գեղարքունիք, Արևիք գավառներում: Վանքին նվիրված մոտակա Ցուրաբերդ, Տամալեք և Բերդ գյուղերի բնակիչներն ըմբոստացել են այդ որոշման դեմ, չեն ենթարկվել, իսկ 915 թվականին ցուրաբերդցիները ապստամբել են, կողոպտել վանքը, միաբաններից ոմանց սպանել: Հովհաննես եպիսկոպոսը Ս. Պողոս-Պետրոս տաճարի կառուցումը նշանավորել է նրա հարավային մուտքի դիմաց Ս. Երրորդությանը նվիրված հուշասյուն կանգնեցնելով (կոչվել է «Գավազան»), որը շարնիրային սկզբունքով իրականացված հիմքի շնորհիվ ճոճվել է: Տաթևի վանքը պարսպապատվել է, թեք տեղանքը բարձր հենապատերի միջոցով հարթվել, կառուցվել են թաքստոցներ, նկուղներ, դեպի բակը բացվող խցեր, սեղանատուն, արհեստանոցներ, մթերանոցներ, գրատուն, տաճարի առջև՝ գավիթ (որպես աղոթատեղի) և Սյունյաց իշխանների տապանատուն: IX դ. Տաթևի վանքը Հայաստանի ամենախոշոր ու նշանավոր վանքն էր. ունեցել է շուրջ 500 միաբան, վարդապետարան: Վանքում աշխատել,