Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/998

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

եկեղեցիները, տաճարի գմբեթը, զանգակատունը, սյունասրահը: 1974–98 թվականներին վերակառուցվել են եկեղեցիները, տաճարի գմբեթը, նորոգվել բնակելի և տնտեսական շենքերը, պարիսպը, զանգակատան առաջին հարկը:

Տաթևի վանքի Ս. Պողոս-Պետրոս տաճարում պահպանվել է X դարի որմնանկարչական ամբողջական հարդարանքը, որը պատկերացում է տալիս վաղմիջնադարյան հայ եկեղեցական նկարազարդման համակարգի մասին: Պատկերներն արվել են ֆրեսկո տեխնիկայով, հայկական որմնանկարչությանը հատուկ 3–4 մմ հաստության սվաղի վրա՝ տեղական բնական հանքաներկերով, մասնավորապես՝ լաջվարդով: Խորանի կոնքում պատկերված է եղել «Քրիստոսը Փառքի մեջ» տեսարանը: Կոր պատի վրա երեք նախշերիզված շարքերով, կամարների ներքո ներկայացված են մարգարեները, առաքյալները և Հայ եկեղեցու հայրերը՝ սրածայր խույրերը գլխներին: Առաքյալների շարքում կենտրոնական պատուհանի հյուսիսային և հարավային կողմերից նկարված են, համապատասխանաբար, Հովհաննես Մկրտիչը և Աստվածամայրը՝ Քրիստոսի հետ կազմելով «Դեիսուսի» պատկերագրությունը: Այս հիերարխիկ հորինվածքն արտահայտում է Երկնային և Երկրային եկեղեցիների, Հին և Նոր կտակարանների հաջորդությունը խորհրդանշող գաղափարները և համընկնում վաղմիջնադարյան որմնանկարչական պատկերագրությանը: Խորանի հանդիսավոր հորինվածքին հակադրված է արևմտյան պատի «Ահեղ դատաստանի» խիստ դինամիկ տեսարանը, որից պահպանվել են կենտրոնական և ստորին հատվածները. որոշ դրվագներ վերականգնվել են 1950-ական թվականներին Լ.Դուրնովոյի արած վավերագրական պատճեններով և սխեմատիկ վերակազմությամբ (պահվում են ՀԱՊ-ում): Տեսարանն ամբողջական մեծ հորինվածքում ներառում է «Ահեղ դատաստանը» և «Փրկչի երկրորդ գալուստը»՝ ըստ Մատթեոսի Ավետարանի (24.30–31) ու Հովհաննեսի Հայտնության գրքի: Վերևում պատկերված է եղել «Երկնային դատաստանը»: Քրիստոս-Դատավորին երկու կողմից շրջապատել են առաքյալները. Պողոսը՝ Քրիստոսի աջ կողմից, Պետրոսը՝ ձախ, առանձնացած: Գահի տակ երկու բացված գրքեր են, որոնցով, ըստ Հովհաննեսի Հայտնության, պետք է դատվեին մեռյալները (20.12): Հորինվածքի միջնամասը զբաղեցնում են երկու մեծ հրեշտակներ՝ տեքստերով գալարակները ձեռքերին, աջ գալարակի վրա Հայտնության գրքի խոսքերն են՝ «Եկաւ... մեռելների ժամանակը որ դատվեն» (11.18): Աջ կողմում դրախտի Կենաց ծառն է, ձախ կողմում՝ դժոխքի հրե գետը, որն այստեղ մեծ մասամբ կապույտ է, ինչպես Հայտնության գրքի «կենդանի ջուրը» (22.1): Հորինվածքի ամենաուշագրավ մասը ստորին հատվածն է՝ ծածկված մեռելների հարության տեսարանով: Դեն նետելով դագաղների կափարիչները՝ Փրկչի Երկրորդ գալստյան դատին են ելնում կանգնում մեռելները. նրանց կենտրոնում են Ադամն ու Եվան: Հյուսիսային պատին պատկերված «Ծննդյան» հորինվածքից պահպանվել են պատուհանների մեջտեղի երկու հատվածները՝ «Մանկան լոգանքը» և «Հովիվների ավետումը»: Տաթևի տաճարի որմնանկարների պատկերագրությունը, առավել մոտ լինելով հետկարոլինգյան X–XI դարերի մանրանկարներին, ներկայանում է նաև բազմաթիվ արխաիկ գծերով, որոնք ունեն վաղքրիստոնեական ծագում և հանդիպում են Իտալիայում ու քրիստոնյա Արևելքում:

Որմնանկարների ոճն ընդգծված արտահայտչականությամբ դրսևորվում է կերպարների ձգվածությամբ, բարդ կեցվածքով ու դիրքերով, տարամասշտաբայնությամբ, ժեստերի ընդգծվածությամբ, գծային կառուցվածքների քմահաճ խաղով: Գունային գամման արտասովոր է սպիտակի առկայությամբ, տոնային նուրբ բազմերանգները հարաբերակցում են բաց փիրուզագույն և կապույտ հիմնագույներին: Գեղարվեստական այս ոճը, ինքնատիպ պատկերավորությունը, կերպարների դասականացված շունչը եզակի են հայ արվեստում և մերձենում են IX–XI դարերի իտալական այն որմնանկարներին ու խճանկարներին, որոնք իրենց մեջ կրում են կարոլինգյան և վաղքրիստոնեական ավանդույթները: Տ.աթևի վանքի որմնանկարները, շնորհիվ գեղարվեստական բարձր արժանիքների և ինքնատիպության, բացառիկ նշանակություն ունեն միջնադարյան արվեստի պատմության համար, մանավանդ որ X դարիի եվրոպական որմնանկարներ գրեթե չեն պահպանվել: