Էջ:Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան 2002.djvu/1

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

 ԱԲԳԱՐ, սուրբ Աբգար, ըստ ավանդության՝ I դարի անդրանիկ քրիստոնյա թագավորը, պարթև Արշակունի Արշամի որդին։ Հայ առաքելական եկեղեցու տոնելի սուրբ։ Թագավորել է Օսրոյենե կոչվող երկրամասում, որի մայրաքաղաքն էր Եդեսիան։ Ըստ Մովսես Խորենացու «Հայոց պատմության», եղել է Հայոց թագավոր (Գիրք 2, գլ․ ԻԶ, ԻԷ, ԻԸ, ԻԹ), ըստ այլ աղբյուրների՝ ասորի թագավոր։


Աբգարը եղել է Օսրոյենեի թագավորության (Ք․ծ․ա․ 132 – Ք․ծ․հ․ 216) բոլոր գահակալների անունը։ Պատմ․ փաստերի համաձայն, քրիստոնեությունն առաջինն ընդունած (207-ին) թագավորը եղել է Ա․ IX (179–214)։ 91-ին Օսրոյենեի գահը գրաված Հայոց թագավոր Սանատրուկը ստացել է «Եդեսիո թագավոր» տիտղոսը, ենթադրվում է՝ նաև Ա․ անունը։ Մովսես Խորենացին, հիմնվելով հայերեն թարգմանված ասոր․ հնագույն աղբյուրների վրա («Վարդապետութիւն Ադդէի», «Լաբուբնեայ Դիւանագրի Եդեսիոյ․ Թուղթ Աբգարու», 1868), Ա․ IX-ի դարձի ավանդական պատմությունը վերագրել է Ա․ V-ին, որն ապրել է I դ․, Հիսուս Քրիստոսի ժամանակ, լսել Փրկչի սքանչելագործությունների համբավը և հավատացել, որ «դրանք մարդու զորություններ չեն, այլ Աստծու, որովհետև մարդկանցից ոչ ոք չի կարող մեռելներ հարուցանել, այլ միայն Աստված» (Գիրք 2, գլ․ Լ)։ Եվ հավատալով, որ Հիսուսը ճշմարիտ Աստծո Որդին է, իր բանբերների միջոցով թուղթ՝ նամակ-խնդրագիր է ուղարկում Երուսաղեմ՝ Փրկչին, որպեսզի նա գա և բժշկի իրեն, «որովհետև նրա մարմինն ապականված էր չարաչար ցավերով» (նույն տեղում)՝ բորոտությամբ։ Ա․ արժանանում է Փրկչի պատասխանին՝ գրված Թովմաս առաքյալի ձեռքով։ Պատասխան թղթում ասվում է, որ Փրկիչը դեռ գործ ունի կատարելու Երուսաղեմում, բայց կուղարկի իր աշակերտներից մեկին, որը կգա, կբժշկի «և կյանք կշնորհի քեզ և քեզ հետ եղողներին»։ Փրկչի համբարձվելուց հետո Թովմաս առաքյալը Եդեսիա է ուղարկում Թադեոս առաքյալին, որը բուժում է Ա-ին, քաղաքի բոլոր հիվանդներին ու ախտավորներին, քարոզում Ավետարանը և Եդեսիայի եպիսկոպոս կարգում Ադդե անունով մետաքսագործին, ապա մեկնում, ըստ Մովսես Խորենացու, Ա-ի քեռորդու՝ Հայոց Սանատրուկ թագավորի արքունիք (Գիրք 2, գլ․ ԼԱ, ԼԲ, ԼԳ)։


Այնուհետև Ա․ թագավորը նամակներ (թղթեր) է հղում հռոմ․ Տիբերիոս կայսրին, Ասորեստանի Ներսեհ թագավորին, Պարսից Արտաշիր թագավորին, որպեսզի նրանք ևս ընդունեն Հիսուս Քրիստոսին՝ որպես Աստծո Որդու և Փրկչի․ նաև հանձնարարում է, որ փնտրեն ու գտնեն Հիսուսի առաքյալներից մեկին (որը, հավանաբար, եղել է Սիմոն կամ Շմավոն Նախանձահույզը)՝ նրանից արքայության խոսքը լսելու նպատակով։ Ա․ մահացել է «երեսուն և ութ տարի թագավորելուց հետո», հավանաբար՝ Ք․ ծ․ հ․ 37-ին կամ 50-ին։ Ա-ի թղթերը և պատասխանները («Հինգ թղթերի պատճենները») տրված են Մովսես Խորենացու