<<Դիոնիսիոս Թրակացին և հայ մեկնիչները>> (ռուս․, 1915, ֆրանս․, 1970) հետազոտությունը, որտեղ 30 ձեռագրերի բաղդատման հիման վրա հրատարակել է Դիոնիսիոս Թրակացու քերականության հայ․ թարգմանությունը՝ կից հուն․ բնագրով։ Ա․ հեղինակել է մենագրային փոքրածավալ բազմաթիվ աշխատություններ, որոնք վերաբերում են Հին Հայաստանի պատմության սակավ ուսումնասիրված խնդիրներին։
Առանձնակի արժեք ունեն Ա-ի բանասիր․ բնույթի հետազոտությունները՝ նվիրված Աստվածաշնչի հայերեն թարգմանությանը, Կորյունին, Փավստոս Բուզանդին, Եզնիկ Կողբացուն, Մովսես Խորենացուն, Մովսես Կաղանկատվացուն, Ղևոնդ Վարդապետին և այլոց։ <<Մաշտոց և նրա աշակերտները ըստ օտար աղբյուրների>> (1925) մենագրությունում բացահայտել է հայոց գրերի պատմության հետ կապված շատ առեղծվածներ։ 1930-ական թթ․ վերջին Ա․ ձեռնարկել է <<Հայ ժողովրդի պատմություն>> ֆրանս․ քառահատոր աշխատության ստեղծումը, որի միայն առաջին հատորն է լույս տեսել (ֆրանս․, 1946, հայ․, 1972)։ Մյուս հատորների նյութերը՝ ձեռագիր ու անավարտ վիճակում, պահվում են նրա արխիվում։ Ա․ անդրադարձել է նաև Հայ եկեղեցու պատմության բազմաթիվ խնդիրների, հեղինակել միայն եկեղեցուն, եկեղեց․ մատենագրությանն ու արվեստին վերաբերող ուսումնասիրություններ։ 1899-ին հրատարակության է պատրաստել հայոց Հայսմավուրքներին, Ճառընտիրներին ու Ճաշոցներին նվիրված մենագրությունը, որտեղ վերլուծել է հայ եկեղեց․ տոների համակարգը, տվել Հայսմավուրք ժողովածուների ծագման ու զարգացման ուղիները, տարորոշել դրանց խմբագրությունները։ Հայ եկեղեցու պատմության առանձին մանրամասներ է շոշափել նաև <<Հայոց առաքելությունը Հոնաց աշխարհում>> (1902), <<Հայ ծաթերի ծագման մասին>> (ռուս․, 1911), <<Քերսոնի եպիսկոպոս Ամպելիոսը>> (ռուս․, 1913) ուսումնասիրություններում և հատկապես՝ Գրիգոր Լուսավորչին նվիրված հետազոտությունների շարքում։ Ա․ փորձել է հերքել Գրիգոր Լուսավորչի ծագման մասին տիրապետող կարծիքները և սկզբնաղբյուրների քննական վերլուծության հիման վրա առաջարկել միանգամայն նոր տեսակետ։ <<Հայացած Աստվածաշունչն ու նրա պատմական տարողությունը>> (1936) երկում վերլուծել է Աստվածաշնչի հայերեն թարգմանության գրական-գեղարվեստ․ առանձնահատկություններն ու արժանիքները։ Եզնիկ Կողբացուն նվիրված քննական նշմարներում ճշգրտել է հեղինակի անձի, ժամանակի և գործի խճողված խնդիրները, քննել ու վերլուծել <<Ճառք յանդիմանութեան>> (1925–26), <<Կանոն Սրբոյն Գրիգորի Պարթեւի>> (1925–26), <<Նշանագիր կարգաց բանից>> (1938) բնագրերը ևն։ Ա-ին հետաքրքրել են նաև հին հայկ․ դիցաբանության (<<Տորք աստված հին հայոց>>, 1911), նախաքրիստ․ շրջանի հայոց պաշտամունքի ու գաղափարախոսության հարցերը (<<Հին հայոց աշխարհայացքը>>, 1926)։ Ձեռագիր վիճակում են <<Տօնացույց>> (600 էջ), <<Ճաշոց>> (150 էջ) ժողովածուները, <<Պատկերների խնդիրը Հայոց եկեղեցու մեջ>> (65 էջ), <<Ասորա-պարսկական քրիստոնեական եկեղեցու աստիճանակարգությունը>> (20 էջ) և այլ ուսումնասիրություններ (բոլորն էլ՝ Բեյրութի Համազգայինի գրական պահոցում)։ Գրկ․ Գյուզալյան Գ․, Նիկողայոս Ադոնցը որպես պատմաբան, Բեյրութ, 1943։ Յուզբաշյան Կ․, Նիկողայոս Ադոնցի գիտական ժառանգությունը, ՊԲՀ, 1962, № 4։ Պետրոս Հովհաննիսյան
ԱԴՐԻԱՆՈՒՊՈԼՍԻ ԱՎԵՏԱՐԱՆ, հայկական մանրանկարչության մագաղաթե ձեռագիր մատյան։ Հայերեն հնագույն թվակիր Ավետարաններից է։ Գրվել ու պատկերազարդվել է 1007-ին, Բյուզանդիայի Ադրիանուպոլիս քաղաքում․ գրիչ՝ Կիրակոս Երեց։ Պատվիրատուն է հայ ազնվական, բյուզ․ կայսր Վասիլ Բ-ի առաջին սուսերակիր Հովհաննես Պրոքսիմոսը։ Մանրանկարչի անունը չի պահպանվել (չի բացառվում, որ պատկերները հեղինակած լինի գրիչը)։ Ձեռագիրը զարդարված է խորաններով, երկու խաչապատկերով, ավետարանիչների և <<Տիրամայրը Մանկան հետ>> մանրանկարով ու պատվիրատուի դիմանկարով։ Տիրամայրը Մանկան հետ հորինվածքը սերտորեն առնչվում է նույն շրջանի բյուզ․ օրինակների հետ, մինչդեռ խորանները և ավետարանիչների պատկերներն ավելի շատ կրում են հայ ավանդ․ մանրանկարչության դրոշմը։
1883-ին Ավետարանը Կոստանդնուպոլսից բերվել է Ս․ Ղազար կղզի, որտեղ ցայժմ պահվում է Վենետիկի Մխիթարյան միաբանության մատենադարանում (ձեռ․ № 887/116)։
Պատկերազարդումը տես ներդիր I-ում, 1․1, 3-րդ պատկերը։