Գրկ․ Սարգիսյան Բ․, Մայր ցուցակ հայերէն ձեռագրաց մատենադարանին Մխիթարեանց ի Վենետիկ, հ․ 1, Վնտ․, 1914։ Հայկական մանրանկարչություն, հ․ 1, Վնտ․, 1966։ Հայկական մանրանկարչություն․ Դիմանկար, Ե․, 1982 (կազմ․ Ա․ Գևորգյան)։
Կարեն Մաթևոսյան
ԱԶԱՐԻԱ ՋՈՒՂԱՅԵՑԻ (ծ․ և մ․ թթ․ անհտ), XVI դարի տոմարագետ։ Ապրել և գործել է Ջուղայում։ Նրա անունով «Ազարիայի թվական» է կոչվել տոմարական երրորդ պարբերաշրջանը։ Հայոց Մեծ թվականից երկու 532-ամյա պարբերաշրջանը վերջանալուց հետո (1616) Ա․ Ջ․ կազմել է նոր (երրորդ) պարբերաշրջանի բարեփոխված, անշարժ աղյուսակ։ Այն ունեցել է 12x30+5 կառուցվածքը։ Չորս տարին մեկ 12-րդ ամիսը 30-ի փոխարեն 31 օր էր։ Ամսանուններն են՝ Շամս, Ադամ, Շբաթ, Նախայ, Ղամարյ, Նադար, Թիրայ, Դամայ, Համերայ, Արամ, Օվդան, Նիրհան, Ավելյաց։ Տարեսկիզբը համապատասխանել է գիշերահավասարին՝ Շամսի 1-ը = մարտի 21-ին։ Լուսնի զատկական բոլոր լրումները տեղի են ունեցել Շամս ամսին։ Ջուղայեցիների կամ, ինչպես ձեռագրերում է հաճախ օգտագործվել, Նոր կամ Փոքր թվականը գտնելու համար Հայոց Մեծ թվականից անհրաժեշտ է հանել 532-ամյա երկու պարբերաշրջան․ ընդ որում, հարկ է հիշել, որ Հայոց Մեծ թվականով տարեսկիզբը Նավասարդի 1-ին էր, իսկ Նոր կամ Փոքր թվականով՝ Շամսի 1-ին (մարտի 21-ին)։ Ա․ Ջ-ու կազմած տոմարը շուրջ երկու հարյուրամյակ օգտագործվել է Պարսկաստանի և Հնդկաստանի հայկ․ գաղթավայրերում։ Ա․ Ջ-ու «Պատճէն տօմարին Ազարիայի» տոմարագիտ․ երկը տպագրվել է «Գիրք տօմարաց Հայոց․․․»-ի մեջ (1685, էջ 22–39)։
Գրկ․ Անասյան Հ․, Հայկական մատենագիտություն, հ․ 1, Ե․, 1959, էջ 272–276, 1177–86։ Թումանյան Բ․, Հայ աստղագիտության պատմություն, [գիրք 1], Ե․, 1964։
Ջուլիետա Էյնաթյան
ԱԶԳԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ 1860, Ազգային սահմանադրություն հայոց, արևմտահայերի կրոնահամայնական կյանքը կարգավորող կանոնադրություն։ Ընդունել է Կ․ Պոլսի հայոց պատրիարքարանը 1860-ի մայիսի 24-ին։ Սակայն սուլթան․ կառավարությունը մոտ 3 տարվա ձգձգումից հետո և էական կրճատումներով (հոդվածների թիվը, երեսփոխան-պատգամավորների, հատկապես՝ գավառները ներկայացնողների քանակը ևն) այն վավերացրել է միայն 1863-ի մարտի 17-ին (թուրք․ կոչվում էր «Հայ ազգի կանոնադրություն»)։
1853-ին Կ․ Պոլսի հայ համայնքի ներկայացուցիչներից ընտրված մարմինների՝ Ազգային, Հոգևոր և Գերագույն ժողովների համաձայնությամբ կազմվել է Ուսումնական խորհուրդ, որի անդամներ Ն․ Ռուսինյանը, Գ․ Օտյանը, Ն․ Պալյանը, Ս․ Վիչենյանը (Սերվիչեն), Կ․ Ութուճյանը, Մ․ և Գ․ Աղաթոն եղբայրները 1857-ին մշակեցին կրոն․, ազգ․, մշակութ․, հաս․ կյանքին վերաբերող կանոնադրություն։ «Սահմանադրություն» է կոչվել Ն․ Ռուսինյանի առաջարկով, քանի որ գրվել էր բելգիական սահմանադրության գլխ․ սկըզբունքների հիման վրա՝ միաժամանակ կրելով 1848-ի Ֆրանս․ հեղափոխության գաղափարների ազդեցությունը։ Կազմված էր ներածությունից («Հիմնական սկզբունք»), 5 գլուխներից, որոնք իրենց հերթին բաժանվում էին առանձին ենթագլուխների, և 99 հոդվածներից (նախն․ տարբերակում՝ 150)։ Որպես հիմն․ սկզբունք Կ․ Պոլսի հայոց պատրիարքը հայտարարվում էր «ազգի ղեկավար», իսկ «մասնաւոր պարագաներու մէջ»՝ միջնորդ օսմանյան պետության և արևմտահայության փոխհարաբերություններում։ Նշված էր նաև, որ յուրաքանչյուր հայ անհատ որոշակի պարտականություններ ունի ազգի հանդեպ, ինչպես և ազգը՝ ամեն մի անհատի։ Հետևաբար, ազգն ու անհատը կապված են «փոխադարձ պարտեօք»։ Առանձնակի կարևորություն էր տրվում Հայ առաքելական եկեղեցու դավանանքն ու ավանդույթներն անաղարտ պահելու, առանց սեռի խտրության հայ մանուկներին անհրաժեշտ կրթություն ու դաստիարակություն ապահովելու, հաս․ կարիքների համար նախատեսված դրամական միջոցներն ըստ անհրաժեշտության օգտագործելու հարցերին ևն։ Ա․ ս․ կարգավորում էր Կ․ Պոլսի հայոց պատրիարքի գործունեությունը՝ զգալիորեն սահմանափակելով վերջինիս իրավունքները և նշելով պարտականությունները։ Պատրիարքը պարտավոր էր հավատարիմ մնալ Ա․ ս-յան սկըզբունքներին, հետևել դրանց ճիշտ և ժամանակին կիրառմանը, որոշումներն ընդունել միայն իրեն կից ստեղծված ազգ․ կրոն․ և քաղ․ ժողովների անդամներից կազմված ընդհանուր ժողովի հետ համատեղ ևն։ Պատրիարքն իրավունք չուներ ինքնակամ փոփոխել Ա․ ս-յան